Ֆրանսիայում վերսկսվել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը:
Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի վերընտրվելու նախընտրական արշավն ապօրինի ֆինանսավորելու համար:
Դատական նախորդ նիստը տեղի է ունեցել մարտ ամսին, ինչից հետո դատավարությունն ընդհատվել է նախկին նախագահի փաստաբանի կորոնավիրուսով վարակվելու կապակցությամբ:
Այս դատավարությունը ևս մեկ հարված է Ֆրանսիան 2007-2012 թվականներին ղեկավարած Սարկոզիի համար:
Այս տարի ավելի վաղ Սարկոզին մեկ ուրիշ գործով մեղադրվել է նաև կոռուպցիայի հոդվածով:
66-ամյա Սարկոզին այսօր ներկա չէր դատական նիստին: Նա կարող է դատապարտվել մինչև 1 տարվա ազատազրկման և 3 հազար 750 եվրո տուգանքի: Սարկոզին հերքում է մեղադրանքը: