Նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում) [Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով]։
ՀՔԾ-ն մանրամասնում է՝ Գևորգյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 դրամի եկամուտները։ Մասնավորապես՝ նա պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։
Ըստ հաղորդագրության՝ պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Չեխիայում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել են իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։
Այսպիսով, ինչպես ՀՔԾ-ն է նշում, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել և փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 դրամ և 391.920.000 դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։
Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունը նշում է, որ Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական և նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով: Վերոգրյալ պայմաններում Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Գևորգյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ և արդարացվեց Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո։ Այդուհանդերձ, շարունակվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու գործը, որով անցնում են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։