Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանը համակարծիք է ՍԴ-ի հետ․ «այլ որոշում չէր էլ կարող կայացնել»


Գլխավոր դատախազությունն իր հերթին բարձր դատարանի որոշումը որակում է կամայական և հակասահմանադրական։

Մերժելով քննել գխավոր դատախազի դիմումը Ռոբերտ Քոչարյանի գործով՝ Սահմանադրական դատարանը վկայակոչում է Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ և հայտարարում՝ գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող էր դիմել գործն իր վարույթ ընդունելուց հետո՝ մինչև այն դատարան ուղարկելը։

Գլխավոր դատախազությունն իր հերթին բարձր դատարանի որոշումը որակում է կամայական և հակասահմանադրական։

Բարձր դատարանի՝ մարտի 26-ի հայտնի որոշումից հետո, երբ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց երկրորդ նախագահ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, մեղադրյալներն արդարացվեցին։ Դրանից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մի շարք հոդվածներ, ինչից հետո կկարողանան վերաորակել Մարտի 1-ի գործով արդարացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող արարքները։

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Արամ Օրբելյանի կարծիքով՝ բարձր դատարանը հենց այս որոշումն էլ պետք է կայացներ։ Օրբելյանը ևս պնդում է՝ գլխավոր դատախազն այս փուլում չէր կարող դիմել Սահմանադրական դատարան։

«Չի կարա լինի մի հատ սենց դեպք, որ մարդն ինչ-որ մի հատ արարք անի ու դատախազությունն ասի՝ «էդ արարքը հանցագործություն է, ուղղակի էս հոդվածով է, կամ էն հոդվծով է, կամ էն հոդվածով է», տենց բան գոյություն չունի, դա բսուրդի դաշտից է և անմեղության կանխավարկածի խաթարում է։ Քրեական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում են, որ մարդը չի կարող դատապարտվել, պատժվել, քրեական հետապնդման ենթարկվել մի արարքի համար, որը հանցագործություն չի ու Քրեական օրենսգիրքն ասում է՝ բոլոր հանցագործություններն, առանց բացառության, գրված են իմ մեջ, այսինքն՝ եթե Քրեական օրենսգրքում գրված չի ինչ-որ բան, որ հանցագործություն է, ուրեմն դա հանցագործություն չի», - ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Պաշտպանը նկատում է, որ այս փուլում ոչ ոք, բացի դատավորից, Սահմանադրական դատարան չէր կարող դիմել, իսկ Քոչարյանին արդարացրած դատավոր Աննա Դանիբեկյանը եզրահանգել է, որ բարձր դատարան դիմելու անհրաժեշտություն չկա։

Ըստ Օրբելյանի՝ գլխավոր դատախազը այս հարցով բարձր դատարան կարող էր դիմել նախաքննության փուլում՝ վիճարկելով արդեն հակսահամանդրական ճանաչված Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածը։ Իսկ այս դեպքում Սահմանադրական դատարանը հարցի բովանդակությանը չի էլ անդարադարձել։ Բայց, եթե անդրադառնար էլ, ապա կրկին կմերժեր Գլխավոր դատախազի դիմումը, ասում է նախկին նախագահի պաշտպանը։

«Կա դատական ակտ, Սահմանադրական դատարանի վերջնական, ուժի մեջ մտած վերանայման ոչ ենթակա դատական ակտ, այսինքն՝ էնպես չի էլի, որ մի հատ էլ վերաքննիչ ՍԴ են դիմել, այնտեղ հեսա կփոխեն, ցույց կտան, որ ես ճիշտ եմ, հետևաբար Սահմանադրական դատարանը չէր էլ կարա դատախազինը քններ, բայց եթե ինչ-ինչ եղանակով քններ էլ, օրինակ, դատավորն ասեր՝ իմ կարծիքով ստեղ թեմա կա, ակնհայտորեն պարունակական էր մերժվելու, որովհետև, կրկնում եմ, կլանում չի կարա լինի մենակ անուններից ելնելով, դատախազությունը ելնում է ինչ-որ տեսական ձևակերպումներից, անուններից։ Եթե Դուք տեսնեք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր գործի վերաբերյալ, որովհետև Սահմանադրական դատարանը հարցը որ տվել էր Վենետիկ, ասել էր նմանատիպ ի՞նչ հոդվածներ կան։ Վենետիկի հանձնաժողովը ցույց էր տվել, որ չկա մի երկիր որ ունենա էսպես աբստրակտ սահմանադրական կարգի տապալում», - ասաց Օրբելյանը։

Բարձր դատարանը նաև գրում է, որ այս հարցը օրենսդրական լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտություն ունի:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Սահմանադրական դատարանն ընդունում է, որ գլխավոր դատախազն իրավասու է դատական քննության փուլում քննվող գործով Սահմանադրական դատարան դիմել որոշակի դեպքերում, բայց մերժելով իրենց՝ Սահմանադրական դատարանը հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին։

XS
SM
MD
LG