Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի միջպետական գանգատն ընդդեմ Թուրքիայի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատն ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների:

Միջազգային դատարանն այժմ պետք է որոշի՝ քննելու է այս դիմումը, թե՝ ոչ։ Արդեն հայտնի է, որ ավելի վաղ ներկայացված «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումները ՄԻԵԴ-ում կքննի Մեծ պալատը։

Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին ներկայացրած դիմումով պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ: Հայկական կողմը գանգատին կից ներկայացրել է ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

Պատերազմում սիրիացի զինյալների մասնակցության մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, հարցին ռազմական գործողությունների ընթացքում անդարադարձել էին մի շարք պետությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ էին գրում այդ մասին, հետաքննություններ հրապարակում։

Միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով Հայաստանում մեղադրվող Սիրիայի 2 քաղաքացիներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Ըստ նախաքննական մարմնի՝ պարզվել է, որ նրանք անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել առանց որևէ փաստաթղթի։

«Ավելի քան 12 ահաբեկչական խմբավորումներ՝ շուրջ 4 հազարից ավելի վարձկան ահաբեկիչներ, տեղափոխվել են Սիրիայից Ադրբեջան և այս տեղափոխումը, քննությամբ պարզված փաստական տվյալներով, իրականացվել է Թուրքիայի տարածքով, Թուրքիայի զինված ուժերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և՛ հովանու ներքո, և՛ աջակցությամբ, և՛ գիտությամբ։ Քանի որ վերջիններս տեղափոխվելիս բացարձակապես որևէ փաստաթուղթ չեն ունեցել։ Նրանք տեղափոխվել են Թուրքիայի զինված ուժերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ, նրանք հատել են Թուրքիայի երկու օդանավակայան, որտեղից արդեն ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան։ Վարձկան ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու, ռազմական գործեղություններին մասնակցելու նպատակով դա նույնպես քննությամբ հիմնավորվել է», - ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ևս 31 սիրիացի զինյալներ ներգրավված են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

XS
SM
MD
LG