Մատչելիության հղումներ

ՊՆ. «Հայաստանի սահմանային որոշ հատվածների հանդեպ ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել»


Մայիսի 12-ին և 13-ին «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

«Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ», - ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:

ՊՆ-ն նաև հերքում է այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները` ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին:

«Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից», - հավաստիացնում է Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG