Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Պորտու քաղաքի «Վիշապի մարզադաշտում»


Estadio do Dragao ՝ «Վիշապի մարզադաշտը», Պորտու, արխիվ
Estadio do Dragao ՝ «Վիշապի մարզադաշտը», Պորտու, արխիվ

Թուրքիան երկրորդ անգամ անընդմեջ զրկվում է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալելու հնարավորությունից, և այդ պատվին երկրորդ անգամ անընդմեջ արժանանում է Պորտուգալիան:

Ինչպես անցյալ մրցաշրջանում, այս անգամն էլ պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Եզրափակիչ են դուրս եկել անգլիական երկու թիմեր՝ «Մանչեստեր Սիթին» և «Չելսին»:

Թուրքիայում կորոնավիրուսի առումով բավական ծանր վիճակ է, և այդ երկիրը Բրիտանիայի իշխանության կողմից ընդգրկված է «կարմիր ցուցակում», հետևաբար անգլիացի երկրպագուների համար Ստամբուլ մեկնել տվյալ հանգամանքներում անհնարին է:

Երբ ստամբուլյան տարբերակը դուրս եկավ օրակարգից, առաջարկվեց հաշվի առնել, որ գավաթի համար այս անգամ պայքարելու են բացառապես անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները, և խաղն անցկացնել Լոնդոնում:

Սակայն պարզվեց, որ չարաբաստիկ կարանտինային սահմանափակումների բերումով դժվար կլինի ապահովել այդ խաղին լրագրողների, ֆուտբոլային կառույցների պաշտոնյաների, տեխնիկական թիմերի ներկայությունը, և ՈւԵՖԱ-ում նորից մտածեցին Պորտուգալիայի մասին, քանի որ այդ երկրում կորոնավիրուսի առումով հարաբերականորեն բարվոք վիճակ է, և այն, ըստ Բրիտանիայի կառավարության, գտնվում է «կանաչ ցուցակում»:

ՈւԵՖԱ-ն հաշվի առավ նաև հյուրընկալող կողմի խնդրանքը: 2019-20 թվականների մրցաշրջանի «Պարի Սեն Ժերմեն» – Մյունխենի «Բավարիա» եզրափակիչը նախատեսված էր մայիսի 30-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, բայց հետաձգվեց, և գերմանական ակումբը ֆրանսիականի նկատմամբ 1-0 առավելության հասավ օգոստոսի 4-ին` Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում:

Այս անգամ պորտուգալացիներն ասել են, թե գերադասելի է 2020-21 թվականների մրցաշրջանի եզրափակիչն անցկացնել ոչ թե մայրաքաղաք Լիսաբոնում, այլ Պորտու քաղաքի «Էշտադիո դո Դրագաո» մարզադաշտում, թարգմանաբար՝ «Վիշապի ստադիոն»:

Տարբեր են ոչ միայն խաղի անցկացման քաղաքներն, այլև հանգամանքները՝ «Պարի Սեն Ժերմեն» – «Բավարիա» հանդիպմանը երկրպագուներ չեն եղել, բայց այս եզրափակիչը կտեսնեն «Մանչեստեր Սիթիի» և «Չելսիի» վեցհազարական երկրպագուներ:

Բացի այդ, տոմսեր կարող են գնել ոչ մեծ թվով պորտուգալացի և օտարերկրացի այն ֆուտբոլասերներն, ովքեր կհամապատասխանեն համավարակի օրերին գործող պահանջներին, պատվաստված կլինեն կամ կունենան կորոնավիրուսի ստուգման բացասական արդյունք:

Թե քանի տոկոսով կլցվի 52 հազար տեղանոց «Վիշապի մարզադաշտը»՝ դեռ հայտնի չէ, ենթադրվում է, որ առավելագույնը տեղերի մեկ երրորդը կտրամադրվի երկրպագուներին: Պորտու քաղաքում մարդիկ շատ ուրախ են:

«Ես չափազանց երջանիկ եմ, նախ, որովհետև դա կլինի մեր «Վիշապի մարզադաշտում», որը քաղաքի խորհրդանիշն է, ուրախ եմ, որովհետև վերջ ենք տալիս այս համավարակին, կարծում եմ, դա մի նոր սկիզբ է, ռեստարտ»,- ասել է քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատեր Ռուբեն Ազևեդոն:

«Կարծում եմ, քաղաքի համար լավ է, որ երկու մեծ թիմ է գալիս, նույնիսկ եթե շատ մարդ մարզադաշտում չի լինի՝ միևնույն է լավ է, տնտեսության համար է լավ, բրիտանացիներն էլ միշտ մեծ խմբերով են գալիս, քաղաքի ճանաչելիության համար էլ լավ է թեկուզ այն բանի համար, որ խաղը կեռարձակվի հեռուստատեսությամբ»,- ասել է մարզական սրճարանի սեփականատեր Պաուլո Տավերեժը:

Ստամբուլում այդօրինակ ոգևորություն չկա, մարդիկ չեն թաքցնում իրենց հիասթափությունը և նկատել են տալիս, որ ՈւԵՖԱ-ն կողմնակալ որոշում է կայացրել:

«Շատ անբարենպաստ որոշում է մեր երկրի համար: Տխուր է, ես կարծում էի, որ կորոնավիրուսի հարցը կարգավորվում է, բայց Եվրոպան այդպես չի կարծում, շատ ափսոս»,- ասել է ստամբուլցի լուսանկարիչ Աթաքարը:

«Նրանք էլ կորոնավիրուս ունեն, այնտեղ էլ թվերը ցածր չեն, այս ամենը քաղաքական խաղ է, Թուրքիային նեղ վիճակն են դնում, սա սպորտի դեմ է, չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի արժեքներին և արդար խաղի կանոններին»,- ասել է թոշակառու Այդան Ալթինդագը:

Թուրքիայում հուսով են, որ ՈւԵՖԱ-ն Ստամբուլի Աթաթուրքի մարզադաշտին կվստահի Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչն անցկացնելու իրավունքը: ՈւԵՖԱ-ն նկատել է տվել, որ ընդհանուր առմամբ դա հնարավոր է, սակայն պաշտոնական որոշում դեռ չկա:

XS
SM
MD
LG