Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը, այսօր հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով՝ 27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը։
Ընդգծելով, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները՝ Արցախի արտաքին գերատեսչությունն անընդունելի է և անհեռանկարային է համարել վերոհիշյալ ձևով պարտադրված և անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերը նշելով՝ դրանք պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։
«Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով», - ասված է հայտարարությունում։