Շոտլանդիայում ամփոփել են տեղական խորհրդարանի ընտրությունների արդյունքները։ «Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` երկրամասի անկախության օգտին հանդես եկող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ստացել է քվեների գրեթե կեսը՝ 48 տոկոսը», - հաղորդում է BBC-ն։
Reuters-ի տեղեկություններով` ազգայնականները Շոտլանդիայի 129 տեղանոց խորհրդարանում առնվազն 62 մանդատ կունենան։ Ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջենը արդեն իսկ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը հնարավորություն է տալիս իր ղեկավարած քաղաքական ուժին օրակարգ վերադարձնել անկախության նոր հանրաքվե անցկացնելու հարցը։
«Հանրաքվեն կկազմակերպվի Covid-19-ի համաճարակի վերջնական ավարտից հետո», - հայտարարել է Սթարջենը։
Վերջին անգամ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվել էր 2014 թվականին։ Դրա ընթացքում Շոտլանդիայի բնակչության 55 տոկոսը դեմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայից դուրս գալու գաղափարին։