Շոտլանդիայում շարունակվում է տեղական խորհրդարանի ընտրություններում տրված քվեների հաշվարկը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ աննշան առավելությամբ հաջողության են հասնում Շոտլանդիայի անկախացման կողմնակից հանդիսացող Ազգային կուսակցության ներկայացուցիչները:
Անկախականների առաջնորդ և Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջենը առանց մեծ դժվարության վերընտրվել է Գլազգոյի հարավային արվարձաններն ընդգրկող ընտրատարածքում՝ հաղթելով շոտլանդացի լեյբորիստների առաջնորդ Անաս Սարվարին։
Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը հայտարարել է, որ տեղական խորհրդարանում մեծամասնություն ձեռք բերելու դեպքում կրկին քննարկման է դնելու երկրամասի՝ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու թեմայով հանրաքվեի կազմակերպման հարցը։
Անկախացման հարցով վերջին հանրաքվեն Շոտլանդիայում կայացել էր 2014 թվականին։ Դրա ընթացքում Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը դեմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայից անջատմանը։