Մատչելիության հղումներ

Փաշինյան. Բալային համակարգի պատճառով առայժմ ոչ մի վարորդ չի զրկվել վարորդական իրավունքից


Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտարարեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգի պատճառով ոչ մի վարորդ այս պահի դրությամբ չի զրկվել վարորդական իրավունքից։

«Խնդիր է բարձրացվում, որ մանր-մունր խախտումների համար մարդիկ կարող են զրկվել վարորդական իրավունքից այդ 9 բալը կորցնելու պարագայում։ Մենք այսօր այդ խնդիրը չունենք և մինչև մարտի վերջ-ապրիլի սկիզբ չենք ունենա։ Մենք ի՞նչ կանենք։ Երբ որ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է արդարացի այդ պրոցեսը և ինչքանով արդարացի չէ։ Ընդ որում, այդ վերլուծությունը կլինի թափանցիկ, նաև հանրության կներկայացնենք։ Եվ որոշումներ կկայացնենք այս համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, վարորդական իրավունքից զրկվել են միայն այն վարորդները, որոնք կոպիտ խախտումներ են արել։ Օրինակ, առանց պետհամարանիշի են մեքենա վարել, սթափ չեն եղել կամ հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու զննությունից, չեն ենթարկվել ու փախուստի են դիմել։ Այս խախտումների հետևանքով վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 300 վարորդ։

Ըստ ներդրված նոր համակարգի, յուրաքանչյուր վարորդ ունի 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն տուգանվում են, այլև իջեցվում են նրանց միավորները։ Եթե միավորները զրոյանան, վարորդական վկայականը 6 ամսով կասեցվում է։ Որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Վարչապետն նշեց նաև, որ ավելի քան 70 վարորդի նկատմամբ էլ նյութեր են կազմվել և ուղարկվել դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով. - «Նրանց մի մասը՝ զրկված վիճակում ավտոմեքենա վարելու համար, մյուս մասը՝ որ հա՛մ վարորդական իրավունք չեն ունեցել, հա՛մ էլ վարորդական իրավունք չունենալու պայմաններում խմած վարել են ավտոմեքենա։ Ես ուզում եմ սա արձանագրել և ասել հետևյալը, որ իմ կարծիքով, այս դեպքերը արդարացի են, որովհետև դրանք հանրային անվտանգությունը հարվածի տակ դնող գործողություններ են»։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև բալային համակարգը կարող է զսպող դեր կատարել, սակայն կան նաև խնդիրներ՝ օրինակ, ոստիկանական վերահսկողության պակասը. - «Տեսախցիկի կողմից վերացվի մի շարք իրավախախտումների մասով բալեր կիրառելը և դրվի միայն ճանապարհային ոստիկանության վրա։ Այդ նույն հոդվածները թող մնան, բայց ճանապարհային ոստիկանությունը արձանագրի։ Նայեք, եթե տեսնեն երկրորդ շարքում մեքենա է կանգնած, հենց ոստիկանի միջոցով. ոստիկանը գա, տեսնի, որ այդ մեքենան փչացած է, չի աշխատում, միջոցներ կձեռնարկի այդ շարքից այդ մեքենան տարհանելու, անձին չտուգանելու և անձին օգնելու։ Բայց տեսախցիկը դա չի տեսնում ու չի կարողանում դա հիմնավորել»։


XS
SM
MD
LG