Մատչելիության հղումներ

28-ամյա Էդուարդն ուրախ է, որ իր համար բացվում են Հայաստան գալու դռները․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը


7 տարեկանից ընտանիքի հետ Հունաստան արտագաղթած 28-ամյա Էդուարդ Մաթևոսյանն ուրախ է, որ իր համար բացվում են Հայաստան գալու դռները. - «Պետք է մեզ հնարավորություն տրվի վերադառնալ հայրենիք, մենք պետք է կարողանանք գանք, մեր երեխաներին բերենք, ծանոթացնենք»։

Այս շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ամբողջությամբ ընդունելու դեպքում հնարավորություն կտա զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած տղամարդկանց վերադառնալ Հայաստան, համաներվել, քրեական պատասխանատվությունից ազատվել։

Նախագծի համահեղինակ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ առանց նախապայմանի, ամբողջ ինտելեկտուալ ներուժը հիմա պետք է ծառայի Հայաստանի կարողությունների ավելացմանը։

«Սա մեկ տարվա խնդիր չէ, սա շատ տարիներ հերթականությամբ փոխանցել են, այդ անարդարության սկզբունքը եղել է ամեն տարի ինչ-որ չնչին գումարի շնորհիվ խուսափածներին արտոնություն տալու մեջ», - ասաց Քոչարյանը։

Արտերկրում ապրող երիտասարդներն էլ ասում էին՝ դպրոց, բուհ ավարտել են այնտեղ, հիմա էլ աշխատում են, իրենց կյանքն արդեն դասավորվել է, իհարկե դժվար կլինի միանգամից անվերադարձ հավաքել ճամպրուկը, միևնույն ժամանակ ընդգծում էին՝ օտար են այնտեղ և այնպես չէ, որ արտասահմանում ամեն ինչ հարթ է ընթանում։

«Ես անձամբ հենց հիմա պատրաստ չեմ, որ ճամպրուկը հավքեմ և գամ հայրենիք, որովհետև մենք էլ մեր պարտականություններն ունենք այստեղ, և այդպես հեշտ չէ միանգամից ամեն ինչ թողնել և գալ, մեզանից շատերն ընտանիքներ, երեխաներ ունեն, աշխատանք ունեն և պետք է ժամանակավոր թույլտվություն ստանան, այդպես հեշտ չէ, բայց կարծում եմ, որ շատ-շատերը կլինեն, որ հենց առաջին օրվանից կսկսեն իրենց գործողությունները և կգան Հայաստան, որպեսզի կարողանան կարգավորել իրենց հարցերը», - ասաց Էդուարդ Մաթևոսյանը։

Դեռ անցած տարի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր դիմել կառավարություն՝ նմանատիպ առաջարկով, բայց մերժվել էր։

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընդունել նաև ԼՀԿ-ի ներկայացրած առաջարկությունների փաթեթը, որը նախատեսում է հնարավոր շահառուների շրջանակի ընդլայնում։

Օրենքը վերջնականապես ընդունելուց հետո Հայաստան վերադառնալու համար տրվելու է 6 ամիս ժամանակ։ Արտերկրում ապրող երիտասարդը հուսով է, որ կհասցնի այդ ընթացքում լուծել տեխնիկական խնդիրները։

«Շատերը մեզանից այսօր անձնագիր չունեն, որովհետև երկու տարի օրենք չի գործել։ Հիմա այն երկրում, որտեղ նրանք ապրում են, իրենք պարտավորություններ ունեն այդ երկրի հանդեպ՝ պետք է անձնագիր ներկայացնեն այնտեղ, որ կարողանան ստեղ իրենց ապրելու իրավունքը՝ ժամանակը երկարացնեն և նոր կարողանան վերադառնան», - ասաց Հունաստանում ապրող «Ազատության» զրուցակիցն ու ընդգծեց՝ իր բախտակից ընկերներից շատերն արդեն ծառայել են այն երկրների բանակներում, որտեղ ապրում են և իրենք իրենց դասալիք չեն համարում, նաև համաձայն չեն այն շահարկումների հետ, թե սա կարող է վատ նախադեպ լինել հետագայում բանակից խուսափել ցանկացողների համար։

«Ուրիշ ձևի կյանք է, ուրիշ ձևի հասկացողություն է, շատ բաներ են փոխվել և, կարծում եմ, որ նրանք տեսնելով, որ մենք այդքան տարի կտրված ենք եղել, ոչ մի ելք չենք ունեցել, իրենք իրենց կխղճան», - ասաց Էդուարդ Մաթևոսյանը։

Ի դեպ Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս գործընթացի բարեհաջող ավարտից հետո կդիմեն կոշտ սահմանափակումների․ - «Կավարտենք էս փուլը ու դրանից հետո կանցնենք այն խնդրի լուծմանը, որով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին Հայաստանից հանելու՝ ծնողների ցանկություններին»։

Մինչ այժմ զինվորական ծառայությունից խուսափածները Հայաստան վերադառնալու համար գումար էին վճարում պետությանը՝ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար։

XS
SM
MD
LG