Մատչելիության հղումներ

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ եթե ընտրություններում «Իմ քայլը» հաղթի, ավելի սուր քաղաքական ցնցումներ կլինեն


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կանխատեսմամբ՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթի «Իմ քայլը» դաշինքը, ավելի սուր քաղաքական ցնցումներ կլինեն։

Դանիելյանն ընդհուպ քաղաքացիական պատերազմի զգացողություն ունի։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նա նշեց՝ Հայաստանում կա մի ստվար զանգված, որը Նիկոլ Փաշինյանին չի ընդունում և պատրաստ է լինելու գնալ ցանկացած միջոցների՝ իշխանությունը փոխելու համար։

Ստեփան Դանիելյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Դանիելյան, Քոչարյան դաշինքի և ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի շանսերն ինչպե՞ս եք գնահատում։ Խորհրդարանի այդ շեմը հաղթահարելու հնարավորություն տեսնո՞ւմ եք նրանց կողմից։

Դանիելյան․ - Բնականաբար, Քոչարյան դաշինքի կողմից տեսնում եմ։ Ըստ երևույթին խորհրդարան կկարողանա մտնի, նաև ՀՀԿ-ն և Վանեցյանի կուսակցությունը, սակայն ես ուզում եմ մի քիչ այլ շեշտադրումներ անել, որովհետև Հայաստանում միշտ նախագահական ընտրություներն էին շատ թեժ անցնում, մենք բոլորս հիշում ենք, և հարաբերականորեն խորհրդարանական ընտրությունները հանգիստ էին անցնում։ Հիմա քանի որ նախագահական ընտրություններ չկան, որոշվում է, ըստ էության, կառավարության ճակատագիրը՝ ով է լինելու վարչապետ, ով է կառավարություն կազմելու, և, ըստ էության, մենք սա կարող ենք անվանել վարչապետական ընտրություններ, որն ինչ-որ ձևի կփոխարինի նախկին նախագահական ընտրություններին, և Ձեր հարցին պատասխանելով՝ ովքեր որքանո՞վ կկարողանան անցնել շեմը, որքա՞ն ձայն կհավաքեն, ես կարծում եմ, որ հիմնական ձայները կհավաքեն այն դաշինքները, որոնք ունեն վարչապետի թեկնածու, կամ որոնք հանրության կողմից ընկալվում են որպես վարչապետի թեկնածուներ։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ չի մասնակցի ընտրություններին, իր անունը ցուցակում չի լինի, որովհետև ինքն էլ է ասել, որքանով հիշում եմ, որ ինքն ընտրություններին չի մասնակցելու, էդ դեպքում հիմնական վարչապետի թեկնածուներն են Քոչարյանը և ներկայիս վարչապետը, այլ՝ երրորդ, չորրորդ վարչապետ կարծես թե հանրության կողմից չի ընկալվում, և հիմնական պայքարը գնալու է այդ երկուսի միջև։

«Ազատություն»․ - Խոսենք նաև «Իմ քայլը» իշխող կուսակցության շանսերի մասին այս ընտրություններում, ըստ վերջին հարցումների՝ «Գելափ Ինթերնեյշնլ», ես կարծում եմ, որ իրենց վերլուծությունն արժանահավատ է, ես ոչ բոլոր հարցումներին եմ հավատում, բայց կարծում եմ այս մեկը քիչ թե շատ մոտ է իրականությանը, հիմա, եթե հավատանք այդ հարցումներին, ստացվում է, որ շուրջ 30 տոկոսը ձայն է տալու «Իմ քայլին», բացի դրանից կա, եթե լավ եմ հիշում, շուրջ 40 տոկոս ընտրազանգված, որն ընդհանրապես կողմնորոշում չունի՝ չկողմնորոշվածների հսկա բանակ, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ այս արտահերթ ընտրություններում։ Դուք ի՞նչ եք կարծում, «Իմ քայլն» ի՞նչ շանսեր ունի, այդ չկողմնորոշվածներն ինչպիսի՞ վարքագիծ կունենան արտահերթ ընտրություններում։

Դանիելյան․ - Իմ տեսակետը հետևյալն է՝ հիմա ընտրություններ անել չէր կարելի, ուղղակի Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, թեկուզ իրենց թիմից այլ վարչապետ գար, վիճակը հանգստանար, և մենք, որպես երկիր, որպես հասարակություն, պատրաստ լինեինք ընտրություններին և ընտրությունները թեկուզ մի վեց ամիս հետո, մի տարի հետո տեղի ունենային։ Հիմա շատ բևեռացված է մթնոլորտը և այս ընտրությունները հղի են շատ բարդ հետևանքներով։ Նախ՝ նախընտրական շրջանը, ես կարծում եմ, կարող է ուժային բախումներով ուղեկցվել, մենք տեսանք դրա մի պահը Սյունիքում՝ ինչպես վերաբերվեցին գործող վարչապետին, և երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ ընտրություններից հետո հիմնականում երկու բևեռ են լինելու խորհրդարանում՝ «Իմ քայլը» և Քոչարյան դաշինքի բևեռը և այդ խորհրդարանը չի կարողանալու աշխատել, հիմիկվա նման խորհրդարան չի լինելու, և մենք հերթական խորհրդարանական ճգնաժամի մեջ ենք հայտնվելու և, ըստ էության, եթե «Իմ քայլը» դաշինքը հաղթի, ինչ-որ քաղաքացիական պատերազմի զգացողություն կա իմ մոտ, որովհետև Հայաստանում կա մի ստվար զանգված, որն այդ անձին չի ընդունում և պատրաստ է լինելու գնալ ցանկացած միջոցների՝ իշխանությունը փոխելու, որովհետև այն կասկածը, որ եղել է դավաճանություն, շատերի մոտ շատ խորը նստած է և դա հանել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ եթե հանկարծ «Իմ քայլը» հաղթի մենք գնալու ենք ավելի սուր քաղաքական ցնցումների։ Իմ կանխատեսումները շատ վատն են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG