ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իր շահերը Պեկինի հետ մրցակցությունում:
Բլինքենի փոխանցմամբ, Չինաստանը վերջին ժամանակաշրջանում բավական ագրեսիվ և հավակնոտ քայլերի է դիմում միջազգային ասպարեզում:
Պատասխանելով CBS News հեռուստածրագրի «60 րոպե» հաղորդաշարի թղթակցի այն հարցին, թե արդյոք երկու երկրները շարժվում են դեպի ռազմական առճակատո՞ւմ, պետքարտուղարն ասել է.- «Այդպիսի հանգրվանի հասնելը, նույնիսկ այդ ուղղությամբ շարժվելը հիմնովին կհակասի թե՛ Չինաստանի և թե՛ Միացյալ Նահանգների շահերին: Բայց մենք տեսնում ենք, որ Չինաստանն ավելի ռեպրեսիվ է գործում տանը և ավելի ագրեսիվ է գործում դրսում, դա փաստ է»:
Պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնը չունի Չինաստանը զսպելու կամ հետ մղելու նպատակ:
«Մեր ցանկությունն է, որ Չինաստանի գործողությունները բխեն օրենքներից, մենք կհակազդենք օրենքին դեմ գործելու ցանկացած երկրի փորձերին և կպաշտպանենք իրավակարգը»,- ասել է Բլինքենը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն, անցած շաբաթավերջին հանդես գալով Կոնգրեսի երկու պալատներին հասցեագրված ուղերձով, ասել է, որ Սպիտակ տան առաջնահերթություններից մեկը կլինի Չինաստանի հետ մրցակցությունը: