Դեռևս չի հստակեցվում, թե հունիսի 20-ին հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ով է գլխավորելու Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակը, պարզ չէ նաև՝ թե որ ուժից։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ցուցակը հենց 41-ամյա Արթուր Վանեցյանը գլխավորի, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պատասխանեց․ - «Ես վստահորեն ասում եմ, որ Արթուր Վանեցյանը, որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ, շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացներում, կարծում եմ ինչպես նաև մեր հետ դաշինքնի գնացող ուժի ղեկավարը, բայց, թե ով կլինի առաջին համար, ինչ տեսքով կլինի առաջարկվող կառավարության կամ Ազգային ժողովի ցուցակը, դա նույն այն քննարկումն է, որի մասին ես ասում եմ՝ դեռ հստակեցում չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Հայրենիք»-ի և Հանրապետական կուսակցության տեխնոկրատ-քաղաքական թիմի անգամ ամենապահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի։ Այսինքն՝ մենք ունենք շատ հարուստ և երկու կողմից էլ փոխլրացնող ուղեղային թիմ, մասնագիտական, իրենց անցած ճանապարհի, պետական ծառայությունում հավաքած փորձի առումով, որը, ես կարծում եմ, դաշտում այդ առումով բացառիկ է լինելու»։
Դաշինք կազմելու մասին օրերս Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ որոշել են մասնակցել ընտրություններին և սկսել է Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
«Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ, ի դեմս այս դաշինքի, իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը», - հայտարարեց Հակոբյանը։
Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո հայտարարել էր՝ կեղծ օրակարգ է այն տեսակետը, թե գործող իշխանությունների այլընտրանքը միայն նախկիններն են։ Նա վստահեցրել էր, որ վերադարձ անցյալին չի լինելու։
Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ թվում` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մտերիմների նկատմամբ։ Ի՞նչ փոխվեց հիմա, որ միավորեց ԱԱԾ նախկին տնօրենին ու տասը տարի Հայաստանում իշխանության եղած Հայաստանի հանրապետական կուսակցությանը։
«Ես երեկ զրույց եմ ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ, որի ընթացքում նա ևս մեկ անգամ շեշտադրել է, որ մեր իշխանության գալու պարագայում անգամ իր ամենամտերիմ անձը, ով կունենա խնդիր օրենքի հետ, կրելու է օրենքով սահմանված խիստ պատասխանատվություն։ Ես այս մասով չեմ տեսնում որևէ հակասություն», - ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը։
Հարցին, թե մինչև «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ձևավորումը քաղաքական կոնսուլտացիաներ եղե՞լ են այլ ուժերի հետ, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության հետ և ինչպե՞ս որոշվեց հենց այս դաշինքով մասնակցությունը, Հակոբյանը պատասխանեց․ - «Մենք գտնում ենք, որ մրցակցությունը ընդդիմության ուժերի մեջ չէ, և ընդդիմության բոլոր ուժերը ունենալու են հստակ մեկ թիրախ՝ որն է՝ օր առաջ այս պատուհաս իշխանությունից ազատվելը։ Մենք նաև գտնում ենք և առաջարկում ենք ռեսուրսները չծախսել 1-2 տոկոս ավել կամ պակաս ընդդիմության ձայներ հավաքելու համար, և ամրագրել նույնիսկ, կլինի, միգուցե այդպիսի առաջարկություն մեր կողմից, մեր մտայնությունը, մեր թիրախը և մեր ռազմավարությունն ընդհանուր ընդդիմադիր ուժերի հետ որևէ կերպ, օրինակ, հուշագրի տեսքով։ Երկրորդ նախագահի շուրջ ձևավորված դաշինքի առումով մեր ընկալումը հետևյալն է, որ սա ավելի շատ մարտավարական խնդիր է, այսինքն՝ երկու բևեռները այս պահին հզոր, ընդդիմադիր, գտնում են, որ արդյունքի հասնելու համար առավել ճիշտ կոնֆիգուրացիան քաղաքական ընտրության գնալու սա է, դա զուտ մարտավարական, քաղաքագիտական առումով որոշում է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, սակայն, հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին ընդդիմադիր ուժերի միջև մրցակցություն այնուամենայնիվ ևս լինելու է։
«Անկասկած է, որ հենց այդ շրջանակի համար՝ նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի համար, մրցակցությունը, եթե նույնիսկ ոչ ավելի, ապա ոչ պակաս թեժ է լինելու թերևս միմյանց միջև՝ հաշվի առնելով այն, որ այդ համակարգի ընտրազանգվածն ըստ էության նույն է, բայց մենք տեսնում ենք, որ դրա վստահության համար պայքարում է առնվազն երկու խոշոր բևեռ, ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ էս տեսանկյունից նրանց միջև մրցակցությունը լինելու է», - ասաց քաղաքական մեկնաբանը։