Ղրղզստանի կառավարությունը խոստացել է վերականգնել Տաջիկստանի հետ սահմանային զինված միջադեպի հետևանքով ավերված շենքերը:
«Պետությունը զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, ֆինանսական և այլ ռեսուրսներ կփոխանցվեն ավերված բնակելի տները և սոցիալական ու տնտեսական նշանակության շենքերը վերականգնելու համար»,- ասել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը:
Վերջին տվյալներով, «Գոլովնոյ» ջրամբարի շուրջ ծագած ղրղզ-տաջիկական արյունալի ընդհարման հետևանքով ղրղզական կողմից սպանվել է 34, և վնասվածք է ստացել 178 մարդ: Մայիսի 1-ը և 2-ը Ղրղզստանում հայտարարվել են համազգային սգո օրեր:
Ընդհարման հետևանքով Ղրղզստանի Բատկենի և Լեյլեկի շրջաններում ավերվել է 78 շենք, 10 բենզալցակայան, 8 խանութ, 3 սահմանային ուղեկալ, 2 դպրոց, 1 բուժհիմնարկ, 1 մանկապարտեզ և ոստիկանության 1 բաժանմունք:
Տաջիկստանի կողմից սպանվել է առնվազն 8, և վնասվածք է ստացել ավելի քան 90 մարդ: Դուշանբեն պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել:
Երեկ հանդիպել են Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը: Բանակցություններից հետո նրանք հայտնել են, որ երկու երկրները համաձայնեցրել են հրադադարը և հետ են քաշում բանակի ստորաբաժանումները:
Բախման պատճառ հանդիսացող «Գոլովնոյ» ջրամբարը գտնվում է երկու երկրների սահմանի վիճահարույց հատվածում, որի պատկանելությունը համաձայնեցված չէ:
Ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ Տաջիկստանի սահմանապահները սկսել են անվտանգության տեսախցիկներ տեղադրել ջրամբարի տարածքում, ինչը փորձել են կասեցնել տեղի ղրղզ բնակչները: