Մատչելիության հղումներ

Պատերազմից վեց ամիս անց էլ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի սարքերն ու անձնակազմը աշխատում են 24 ժամ


Պատերազմից վեց ամիս անց Մեծամորի դիահերձարանի բակում դեռ կանգնած են զոհված զինծառայողների մարմիններով ու մասունքներով սառնարան-մեքենաները. երեք մեքենաներ են, մեկը դատարկ է, տղաների մարմինները ԴՆԹ փորձաքննություններով նույնականացվել ու ծնողները տարել են: Կան մարմիններ, որոնց ինքնությունը գենետիկական հետազոտությամբ պարզվել է, իսկ ծնողները համակերպվել հրաժարվում են:

Հայկը ամիսներ շարունակ կամավորություն է անում այստեղ՝ դիահերձարանի սառնարանների մոտ, օգնում ծնողներին՝ ճանաչել իրենց որդիներին, եթե նրանք այստեղ են. «Երբ որ արդեն դրական է գալիս, արդեն գիտենք, որ կոնկրետ ճանաչվել է, նոր մենք օգնում ենք, ճանապարհում ենք մեր հերոսներին իրանց ծնողներին»:

80 զինծառայողի մարմին չի նույնականացվել և առաջիկայում նմուշները կուղարկվեն արտերկիր գենետիկական փորձաքննության, տեղեկացրին Քննչական կոմիտեց։

Պատերազմից ի վեր Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում 3723 փորձաքննություն է իրականացվել, այստեղ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնում ու պարզում են զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։ Այս ամսվա սկզբի տվյալով 238 մարմին ու մասունք դեռ նույնականացված չէ։ Կան ծնողներ, որ չհամակերպվելով հնարավոր կորստի հետ ԴՆԹ նմուշ այդպես էլ չեն հանձնում, կան ծնողներ, որ նույնականացումից հետո էլ չեն հավատում, ու կենտրոնի բոլոր սարքերն ու անձնակազմը հետպատերազմական առաջին ամիսների պես, հիմա էլ աշխատում են 24 ժամ:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ունենք բավականին ծնողներ, որոնք կրկնակի, եռակի և քառակի են հանձնում: Մի մասին տվել ենք արդեն նույնականացում, չեն հավատում, կրկնակի են հանձնում: Ներկայումս մենք ունենք շատ դեպքեր, երբ որ հանձնում են քույրեր, եղբայրներ, հորեղբայրներ», - ասաց ​մոլեկուլային գենետիկայի փորձագետ Դիանա Հարությունյանը:

Մոլեկուլային գենետիկայի փորձագետի խոսքով՝ այժմ աշխատում են բարդ գենետիկական նմուշների հետ, այսինքն մասունքներ են, որոնք մի քանի անգամ փորձաքննության արդեն ենթարկվել են, բայց նույնականացում չի ստացվել. «Ի սկզբանե այդ նմուշների որակական տեսակից է կախված, որ չեն աշխատել, նորմալ գենետիկական բնութագիր ամբողջական մենք չենք ստացել»:

Նոր մասունքներ այժմ ավելի քիչ են հայտնաբերվում, այս ամսին Արցախի փրկարարները 25 մասունք են հայտնաբերել, սա չի ենթադրում 25 զինծառայողի մարմին:
Մեծամորի դիահերձարանի սենյակներից մեկի պատին զինվորների դեմքեր են, նրանց մարմնի նշանները առանձին խոշոր պլանով՝ խալեր, դաջվածքներ. թագ, խաչ՝ այս պատկերներով դաջվածքներն են շատ:

«Հարազատներն են բերում այս նկարները, որ մեզ մոտ եթե ճանաչողական ինչ-որ ձև լինի, մենք կարողանանք շուտ գտնել տղաներին ու երբ որ արդեն ճանաչվում է տղաներից ինչ-որ մեկը, հարազատը գալիս է մենք նկարը տալիս ենք իրեն», - ներկայացրեց Հայկը:​

Պատի նկարները քիչ-քիչ նոսրանում են: Հայկն ասում է՝ այս դեմքերի ու սառնարանի տղաների կողքին կմնա այնքան, մինչև նրանք բոլորը հասնեն իրենց ծնողներին, հողին. «Այստեղ բոլոր տղաները, որ կան, մեր ընտանիքի անդամներն են, մեր հարազատներն են, մինչև վերջ մենք կամավորական աշխատանքներ իրականացնելու ենք, որ ամեն մի հերոս հասնի իր ծնողին»:​

XS
SM
MD
LG