Մակրոնի ու Պուտինի առաջիկայում սպասվող նոր նախաձեռնությունը կարող է վերաբերել Արցախի կարգավիճակին, «Ազատության» հետ զրուցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ապրիլի 26-ի հեռախոսազրույցում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել` համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ֆրանսիական Le Figaro-ին, գրել էր նաև, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մասին։
«Եվրամիությունը խոսում էր Մակրոնի շուրթերով ու ասում էր, որ անթույլատրելի է, որ գերիների հարցը դեռ չի լուծվել: Երկրորդը` Եվրամիությունն ասում էր Պուտինին` եկավ, հասավ հերթը` Մինսկի խմբի շրջանակներում վերականգնել բանակցությունները, նաև քննարկել կարգավիճակի հարցը: Այստեղ ամենահետաքրքիր մասն այն է, որ Ռուսաստանի քաղաքականությունը սկսվեց մի քիչ փոխվել. եթե նախկինում Ռուսաստանը միշտ ասում էր, ո՞ր Մինսկի մասին է խոսքը, ո՞ր Մինսկի խմբի, ո՞ր կարգավիճակի մասին է խոսքը, հիմա Ռուսաստանն ասում է` չէ, մենք պատրաստ ենք: Եթե Դուք ուշադրություն դարձրիք, նույնիսկ ռուսական մասում այդ հայտարարության բաց խոսվում է և՛ գերիների հարցի մասին, և՛ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման մասին, ու ես չեմ բացառում, որ այդ նախաձեռնությունների մեջ, որոնք կլինեն, կլինեն նախաձեռնություններ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»:
Գրիգորյանը կարծում է, որ Արևմուտքը Ղարաբաղի հարցով ակտիվություն է սկսել ցույց տալ, քանի որ մինչև այժմ Ռուսաստանին չի հաջողվում պատշաճ կատարել միջնորդի իր դերը։ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին այնտեղ պահվող հայ ռազմագերիների հարցն ավելի է սրվում։ Քաղաքագետը կարծում է, որ այս փուլում Արևմուտքի ու Ռուսաստանի տեսակետները համընկնում են այն հարցով, որ հարկավոր է զսպել Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը. «Խաղաղությունը հիմա Ղարաբաղում հաստատում է ռուսական կողմը, դա Պուտինի անձնական պատվի հարցն է: Պատկերացնո՞ւմ եք` Ալիևն իրեն ասում է` ոչ, ես գերիներին չեմ վերադարձնի: Ակնհայտ է` ինչքան էլ այսօր չհամընկնեն Ռուսաստանի շահերն Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այնուամենայնիվ այստեղ նաև պետության ռեյտինգի, պատվի հարցն է: Ալիևն, այո, լկտիացավ, ինքը համարում է, որ կարող է, այո, խաղի կանոնները թելադրել նաև Ռուսաստանին: Դա է պատճառը, որ Ռուսաստանը հիմա փորձում է օգտագործել Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի, օգտագործել Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, մի քիչ տեղը դնել Ադրբեջանին»:
Քանի դեռ Ադրբեջանում պահվող գերիների հարցը լուծված չէ, դժվար է պատկերացնել որևէ նոր նախաձեռնություն, ասում է իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Հայրապետյանը. «Ակնհայտ է դառնում` հաշվի առնելով նաև նախորդ զարգացումները և Մինսկի խմբի համանախագահության նախորդ հայտարարությունը, որ Մինսկի խմբի անդամ երկրները և իրենց ղեկավարները ջանքեր են գործադրում Ղարաբաղյան գործընթացի խաղաղ գործընթացը վերականգնելու ուղղությամբ»:
Արտաքին գործերի նախարարությունից երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և մամուլում դրան հաջորդած հրապարակումները չեն մեկնաբանում։ Հնարավոր նոր նախաձեռնության մասին ևս Հայաստանի արտաքին գերատեսչությունից տեղեկություններ չեն փոխանցում։