Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարությունից հետո, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները, բանավեճը չի մարում


«Բարգավաճ Հայաստան»-ի նպատակն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենան հունիսի 20-ին՝ արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած մտահոգությանը հայտարարեց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորել էր քաղաքական դերակատարներին, հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ին ու «Լուսավոր»-ին ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի փաստարկներին։ Ըստ Ղազարյանի՝ Սահմանադրության համաձայն՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նկատել էր՝ խորհրդարանի ընդդիմադիրները վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ են մտել։ Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին հայտարարվեց վարչապետի ու խորհրդարանական ուժերի պայմանավորվածությունից հետո։

Ըստ ԲՀԿ-ական Մելքումյանի՝ պաշտոնապես չեն նստել քննարկել՝ գործընթացը հակասահմանադրական է, թե՝ ոչ։ Երբ իրավաբանների գնահատականները տարբեր են, հարցը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ենթադրվում է, որ պետք է լուծվի ՍԴ-ում, բայց դա կձգձգի ընտրությունների գործընթացը։

«Եթե մի մասն ասի՝ այսպես է, մյուս մասը՝ այսպես է, նշանակում է պետք է գնա ՍԴ չէ՞, որ վերջնական քննարկեն, ասեն՝ որն է ճիշտ: Սա ձգձգելու է, իմ կարծիքով», - ասաց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան»-ի արձագանքը Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պարզել չհաջողվեց, բայց երեկ՝ մինչև առաջին նախագահի գրառումն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր՝ օրենսդրական խնդիր չի տեսնում։ Հիշեցրել, որ նախորդ արտահերթից առաջ նույնանման իրավիճակում ընտրություններին մասնակցող որևէ ուժ չի վիճարկել հրաժարական տված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը։

Այնուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից ու հայտարարությունից հետո, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները, բանավեճը չի մարում՝ սահմանադրական էր որոշումը, թե՝ ոչ։

Շատերը Փաշինյանին հիշեցնում են երեք տարվա վաղեմության հայտարարությունը, որտեղ, խոսելով Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից, հենց նա էր պնդում՝ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող լինել։

Փաստերի ստուգման հարթակն իր ուսումնասիրությունը հրապարակեց, թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը։ Հիմնավորել էին այսպես՝ մայր օրենքով վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը, ըստ սահմանադրության, կառավարության անդամ է նաև վարչապետը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որին էլ հղում էր կատարել առաջին նախագահը, անդրադառնալով Սահմանադրության նույն այդ ձևակերպմանը, ֆեյսբուքյան ծավալուն գրառման մեջ նկատել էր՝ դա վերաբերում է կառավարության անդամներին՝ նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։ «Հակառակն անտրամաբանական կլինի, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական) բայց շարունակում է պաշտոնավարել»,- գրել էր Էդգար Ղազարյանը։

2018-ի արտահերթից հետո Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել էր «Իմ քայլը»-ին ու անձամբ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ընտրություններն էլ ազատ ու դեմոկրատական համարել, այժմ Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»։

«2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,- «Իլուր»-ում հրապարակված գրառման մեջ գրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխանական «Իմ քայլը»-ում պնդում են՝ Սահմանադրությանը հակասող որևէ քայլի չեն գնացել. «Փորձում են ստվեր նետել առաջիկա արտահերթ ընտրությունների վրա: Այսինքն որոշակի շրջանակներ դա անում են ու էդ գործընթացին միանում է նաև առաջին նախագահը, ողբերգություն է»:

ՀԱԿ-ից այս պահին չեն արձագանքում իշխանությունից հնչող գնահատականներին։ Արդյոք առաջիկա ընտրությունները հակասահմանադրական որակելը նշանակո՞ւմ է, որ առաջին նախագահի ղեկավարած կուսակցությունը որոշել է չմասնակցել դրանց։ Պարզվեց՝ վերջնական որոշում Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը դեռ չունեն, ասացին՝ մայիսի 7-ին համագումար են անցկացնելու։

Դեռ երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան էջում կիսվել էին «Հրապարակ» թերթի հրապարակմամբ, որ «եթե ֆորսմաժոր չլինի, ՀԱԿ-ը կմասնակցեն ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, միայնակ»։

XS
SM
MD
LG