Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն շեշտում է` Բայդենի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում


Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով «հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն»:

«Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

XS
SM
MD
LG