Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունի Հայոց ցեղասպանությունը, մի շարք պետություններ կհետևեն ԱՄՆ-ի օրինակին, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«ԱՄՆ նախագահի կողմից ճանաչումն, ըստ էության, նշանակում է, որ վերջ է դրվում Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտոնական գործընթացին, և Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնում է այն պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը», - ասաց թուրքագետ:
Ըստ Սաֆրաստյանի, եթե Հայաստանը հատուցման պահանջով որոշի ընդդեմ Թուրքիայի դիմել Հաագայի դատարան, դա կարող է որոշակի «դրական ֆոն ստեղծել այդ հայցի համար»:
«Նաև մեր գործընկերները նշում են, որ ներկայումս Կալիֆորնիայում մի շարք դատական գործընթացներ կան՝ կապված ցեղասպանության զոհերի կամ վերապրածների ժառանգների պահանջների հետ ուղղված Թուրքիային, բայց սառեցված են այդ դատական գործընթացները, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դեռ չի ճանաչել: Երբ որ պաշտոնապես ճանաչման գործընթացն ավարտվի, այդ դատական գործընթացները հետագա ընթացք կստանան», - ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը նաև նշեց, որ այն «հանցագործությունները, որ թույլ տրվեցին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից անարձագանք մնացին»: «Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ աշխարհը մինչև հիմա հիմնականում չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Եթե կարողանայինք մենք հասնել այն բանին, որ մինչև մեր օրերը Հայոց ցեղասպանությունը ընդունված և դատապարտված լիներ, ես կարծում եմ, որ դա որոշակի առումով կնպաստեր, որ աշխարհն ավելի մեծ ուշադրությամբ կհետևի այն ագրեսիվ, վայրագություններով լի քաղաքականությանը, որ իրականացվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում», - հավելեց նա:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.