Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով


Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության: Այսօր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին և մասնակցել ոգեկոչման արարողություններին: Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը և զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ:

ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG