Հայաստան արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:
Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:
Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը: