Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործով, հոդվածը գույքը դիտավորությամբ վնասելն է՝ կապված անձի ծառայողական պարտքը կատարելու հետ։
Ըստ Քրեական օրենսգրքի՝ այս արարքի պատիժն ազատազրկումն է` առավելագույնը չորս տարի ժամկետով: Այսպիսով գլխավոր դատախազությունը վերացրել է Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը։
«Հատուկ քննչական ծառայության որոշման օրինականությունը գլխավոր դատախազության ՀՔԾ միջդատական վարույթի օրիանակության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգվել է, հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է որոշում` վերացնելու քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն իրականացնելու», - մանրամասնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նախորդ ամիս լրագրող Փայլակ Ֆահրադյանը երևանյան ռեստորաններից մեկում մոտեցել էր նախարարին ու կնոջը և հարցրել, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին նա ռեստորանում։ Անվտանգության տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է երկխոսությունից հետո լրագրողը հեռանում, քիչ անց, սակայն, նույն ռեստորանում նրան է մոտենում նախարարն ու հարվածներ հասցնում լրագրողին, հետո նրա համակարգչին։
Հատուկ քննչական ծառայությունը գործը քննության էր առել մի քանի հոդվածներով՝ ծեծը, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելն ու խուլիգանությունը։ Վերջում ՀՔԾ-ն որոշել էր, որ բացակայում է հանցակազմը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ իրավապահները պարտավոր են իրավական գնահատական տալ արարքին, ոչ թե խուսափողականություն դրսևորեն. «Արդեն հոգնել է ժողովուրդն այդ հոդվածներով այդ վերաբերմունքը տեսնելը, ինչպես որ երկար տարիներ տեսել ենք տարբեր իշխանությունների յուրայինների այսպես արդարացումն ամեն գնով, հիմա շարունակվում են այդ վատագույն իմաստով տրադիացիաները: Սա, իհարկե, անընդունելի էր: Զարմացած եմ, որ դատախազությունը վերսկսել է: Բայց հոդվածն էլ նայեք, ամենաանխոցելի տարբերակն են ընտրել` գույքի ոչնչացում, ասում է` էլ ինչ կարող էին ասել, համակարգիչը, ոնց հասկանում եմ, փաստացի կոտրված է»:
Միջադեպից երկու շաբաթ անց հրաժարական տված 35-ամյա Հակոբ Արշակյանը բարձր տեխնոլոգիական նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019-ից։ Իսկ ֆեյսբուքյան նա էջում գրել էր, որ անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումն ու պարտավորած է սեփական փորձով հանրությանն օրինակ ծառայել։ Նա նաև ընդգծել էր՝ «յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք»։
Հիշեցնենք, երբ լրագրողը ռեստորանում մոտեցել էր Արշակյանին, նրա հետ է եղել նաև վերջինիս կինը, բայց թե ի՞նչ կապ ուներ միջադեպն իր ընտանիքի հետ, նախկին նախարարն իր երկու գրառումներում չի մանրամասնել։ Այդուհադներձ, միջադեպից մի քանի օր անց Հակոբ Արշակյանը ներողություն էր խնդրել լրագրողից։ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ արարքներ կան, որոնց դեպքում հարցը ներողությամբ լուծելը սխալ է։ «Օրենքը պետք է հստակ աշխատի»,- ասաց նա։ Իրավապաշտպանն ընդգծում է` պաշտոնյաները պետք է իրենց վերահսկել կարողանան. «Ցանկացած մեկը` չափահաս մարդ, ով ինքնակամ ընտրում է հանրային անձ ընտրելու, առավել ևս պաշտոն զբաղեցնելու ճանապարհը և ավելին` ձգտում է այդ ամեն ինչին իր քայլերով, գործողություններով, պիտի պատրաստ լինի բացի դրական կողմից` բուռն ծափահարություններից, բարձր աշխատավարձից, պրեմիայից, կաբինետից, սպասարկող անձնակազմից, մեքենայից, պատրաստ պիտի լինի նաև ավելի խիստ քննադատության, ավելի մեծ ուշադրության կենտրոնում լինելու, ավելի կոշտ վերաբերմունքի, քան շարքային քաղաքացիներն իրեր նկատմամբ: Դա նորմալ է, եթե կհասկանան այդքան բանը, այդ խնդիրներն իրականում չեն առաջանա»:
Միջադեպին հաջորդող քնադատությունները, թե լրագրողները հաճախ էթիկայի նորմեր են խախտում, իրավապաշտպանը մասամբ ընդունում է։ Բայց ըստ նրա՝ սա այդ դեպքը չէր, հատկապես, երբ արդեն նախկին նախարարն այդպես էլ չբացատրեց՝ ի՞նչն էր նրան այդչափ վրդովեցրել, որ զրույցից հետո հարվածներ է հասցրել լրագրողին` վնասելով նաև նրա համակարգիչը. «Լրագրողները շատ դեպքերում անաչառությունը կորցնում են, մոռանում են, որ իրենք լրագրող են, անցնում են թույլատրելի շեմը: Այնպես որ երկու կողմն էլ կա, բայց միևնույն է` պետական պաշտոնյաներին դա չի արդարացրել ինձ համար նախկինում, չի արդարացնում հիմա, առավել ևս ես չեմ արդարացնում իրավապահ մարմիններին, որոնք որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աչք են փակում գործող իշխանության, պաշտոնյաների գործողությունները փորձում են ծածկադմփոցով յուրայիններին պահպանել ու պաշտպանել: Եթե մենք չունենանք կոնկրետ հստակ օրինակներ պատասխանատվության ենթարկված անձանց, մենք չենք ունենալու այդ սովորույթների ձևավորման և այդ սովորույթների հիմքում դրված կոնկրետ օրինակներ»:
Հակոբ Արշակյանն, ի դեպ, այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` նշելով, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի: