Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։
Վարչապետը զրուցել է նաև զինծառայողների հետ, մաղթել խաղաղ ծառայություն։
Նշենք, որ Սյունիք վարչապետի այցի մասին նախօրոք չէր հայտարարվել։ Նա երեկվանից է Սյունիքում, եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։ Մարզում հենց այդ ճշտումների պատճառով դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ։ Մի շարք համայնքապետեր պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։
Փաշինյանի այցն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ՝ մեղրեցիները փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։ Գլխավոր դատախազությունը հանձնարարել է Ոստիկանությանը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստել այսօր Սյունիքում կատարվածի առնչությամբ։