Իրանը հրապարակել է անցած շաբաթավերջին Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակի անունը։ Իրանի պետական հեռուստատեսությունն այսօր տեղեկացրել է, որ Նաթանզում հարձակման հեղինակը ոմն Ռեզա Քարիմին է, որը Իրանի տարածքը լքել է մինչև միջուկային կենտրոնում տեղի ունեցած սաբոտաժի գործողությունը։
Իրանական հեռուստատեսությունն այսօրվա իր լրատվական թողարկումներում նաև ցուցադրել է կասկածյալի լուսանկարը։ «Քարիմիի ձերբակալության և նրան երկիր վերադարձնելու համար այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում, այդ թվում` իրավական», - հաղորդել է Իրանի հեռուստատեսությունը։