«Չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Ոստիկանության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստին:
Շնորհավորելով ոստիկաններին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետը սա համարել է իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության կարևոր նվաճումն ու ձեռքբերումը:
«Մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ», - նշել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում, շատ կարևոր անելիք կա այդ առումով․ - «Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը»:
ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո, հիշեցնենք, վարչապետը հայտարարել է հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Վարչապետն այսօր արձանագրել է՝ սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: «Ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել», - ասել է վարչապետը:
Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած ոստիկանների հիշատակին: