Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է՝ համացանցում տարածված ձայնագրությունն իրական է


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է, որ երեկ համացանցում տարածված ձայնագրությունն իրական է, և հայտնում, որ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ոչ հրապարակային զրույցը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպման ընթացքում:

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել», - ասված է նախկին նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։

«Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ», - նշված է հաղորդագրությունում։

Երեկ համացանցում տարածված ձայնագրությունում լսվում է, թե ինչպես Լուկաշենկոն փորձում է համոզել Սարգսյանին, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն 7 շրջանները, իսկ Սարգսյանն առարկում է՝ դա հնարավոր չէ, քանի որ այդ տարածքներն ազատագրելու համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել: Բելառուսի նախագահը պնդում է, թե 7 շրջանների դիմաց Ադրբեջանի նախագահը պատրաստ է 5 միլիարդ դոլար վճարել, ինչին Հայաստանի երրորդ նախագահը հակադարձում է, որ ինքը 6 միլիարդ դոլար է առաջարկում Ադրբեջանի՝ այդ շրջաններից հրաժարվելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG