Մատչելիության հղումներ

6 պատգամավոր լքել է «Վրացական երազանք» խմբակցությունը և միացել Գախարիային


Վրաստանի այժմ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում, դեկտեմբեր, 2020թ․
Վրաստանի այժմ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում, դեկտեմբեր, 2020թ․

Վրաստանում իշխող կուսակցության առնվազն վեց պատգամավորներ լքել են խմբակցությունը և այժմ աշխատում են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հետ՝ նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ։

«Մենք գաղափարակիցներ ենք, ունենք ընդհանուր արժեքներ», - հայտարարել է նրանցից մեկը՝ Գիորգի Խոջևանիշվիլին, մանրամասնելով՝ «Վրացական երազանք»-ից հեռացածները կպահպանեն մանդատները և հանդես կգան որպես անկախ պատգամավոր։

Իշխող ուժը, որ այժմ արդեն 86 պատգամավոր ունի 150 տեղանոց խորհրդարանում, հայտարարել է, թե այդ քայլն իրենց գործունեության վրա չի ազդի։ «Բացառվում է, որ մենք կորցնենք մեծամասնությունը, մենք մրցակցությունից դուրս ենք», - հայտարարել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Շալվա Պապուաշվիլին։

Գախարիան հրաժարական էր տվել անցած փետրվարին՝ քննադատելով ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու՝ դատարանի որոշումը։ Մելիան ձերբակալվել է նրա հաջորդի՝ Իրակլի Ղարիբաշվիլի պաշտոնավարման օրոք՝ է՛լ ավելի սրելով վրաստանյան ներքաղաքական ճգնաժամը։

XS
SM
MD
LG