Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն ՌԴ-ին կոչ է անում վերջ դնել ԼՂ-ն տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը


Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացնում Ստեփանակերտ քաղաքի մոտ գտնվող անցակետում, արխիվ
Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացնում Ստեփանակերտ քաղաքի մոտ գտնվող անցակետում, արխիվ

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը:

Հեղինակավոր լրագրողական կառույցը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղ լրագրողների մուտքի սահմանափակումներին։ Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը չուներ որևէ օբյեկտիվ պատճառ։

«Լրագրողները այդ տարածքի համար անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում»,- շեշտում է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Ժաննա Կավալյեն՝ հավելելով, որ առանց միջազգային մամուլի Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սև խորշի»։ Լրագրողական հայտնի կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել այդ խոչընդոտները, թույլ տալ լրագրողների ելումուտը անկախ նրանց ազգությունից։

Կառույցը դիմում է նաև ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին` խնդրելով օգնել ապահովելու տեղեկատվություն ստանալու իրավունքը։

XS
SM
MD
LG