Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել է չամրապնդել ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ։ Ի պատասխան, ըստ Կրեմլի խոսնակի, Վլադիմիր Պուտինն ասել է՝ «Ռուսաստանն իրավասու է սեփական զորքն անարգել տեղաշարժել սեփական տարածքում»։
«Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ այսօր Ուկրաինան վերածվում է շատ անկայուն, պայթյունավտանգ տարածաշրջանի, և նման հարևան ունենալու դեպքում յուրաքանչյուր երկիր ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Արևմուտքն ու Կիևը, մինչդեռ, մտավախություն ունեն, որ ռուսները կարող են ներխուժել Ուկրաինա՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուհանսկի հանրապետություններին աջակցելու համար։
Արդեն 7 տարի Ուկրաինայի արևելյան այս շրջաններում ռուսների աջակցությունը վայելող անջատականների ու կառավարական ուժերի միջև շարունակվող մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։