«Առաջիկա ժամերին Իսրայելի կառավարությունը կարող է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները»։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։ Դրանց փոխանցմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումը կայացրել է կառավարության անդամների հետ ակտիվ խորհրդակցություններից հետո։ Դրանք մեկնարկել են, երբ Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ պատրաստվում է քննել Պաղեստինի տարածքում կատարված ռազմական հանցագործությունները՝ Իսրայելի կառավարությունից այս առթիվ պաշտոնական պատասխան ակնկալելով մինչև ապրիլի 9-ը։
«Այս դատարանը փորձում է հետաքննություն նախաձեռնել՝ հիմնվելով անհեթեթ պնդումների վրա, որոնց համաձայն մեր զինվորներն ու սպաները իբր ռազմական հանցագործություններ են կատարել», - նախօրեին Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետը։