Մատչելիության հղումներ

Ադրբեջանական սադրանքները Սյունիքում և Արցախում շարունակվում են


Ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Հերթական դեպքը ապրիլի 6-ին գրանցվել է Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհին։

Դավիթ Բեկ - Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ, որում ուղևորներ են եղել, հաղորդում է Կապանի քաղաքապետը։ Մեքենան չի վնասվել, բայց սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքում գյուղերի հարևանությամբ, ճանապարհենրին չպետք է լինեն ադրբեջանցի զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ, ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի իշխանությունները որպես պատրվակ օգտագործում են այդ ցուցանակները, դրոշները՝ տեղակայելու համար իրենց զինվորականներին, և իբր թե հայտարարված նպատակով պահպանեն իրենց ցուցանակները։ Ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով կոպտորեն խախտված են Հայաստանի քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքները՝ սեփականության իրավունքը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, ներառյալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքը և այլն։ Եվ լրջորեն վտանգված են այնպիսի կենսական իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը», - հավելեց Թաթոյանը։

Ադրբեջանցի զինվորականների տեղակայումն այդ տարածքներում ապօրինի է, ասում է օմբուդսմենը, քանի որ չկա միջազգային կանոններին համապատասխանող ո՛չ սահմանազատում, ո՛չ սահմանագծում։ Բացի այդ, նախևառաջ պետք է հիմք ընդունել մարդու իրավունքների գաղափարը, իսկ այստեղ կան խախտված և լրջորեն վտանգված իրավունքներ։

Թաթոյանը միջադեպի առիթով արդեն դիմել է միջազգային կառույցներին։ Այդ տեղեկությունները ներառվել են նաև Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգում․ - «Անվտանգության գոտին ենթադրում է, որ այն բոլոր վայրերից, որտեղ հիմա տեղակայված են Ադրբեջանի զինվորականները, ցուցանակներով ու դրոշներով հանդերձ պետք է հեռանան այդտեղից։ Մենք սահմանել ենք այս պահի հաշվարկներով առնվազն 10 կիլոմետր տարածքով։ Այդ անվտանգության գոտին ենթադրում է նաև մեր զինվորականների, սահմանապահ զորքերի համապատասխանաբար վերատեղակայում։ Եվ այն տարածքը, որը պիտի լինի անվտանգության գոտի, ապառազմականացված այդ հատվածը պետք է լիարժեք հասանելի լինի, անվտանգ լինի Հայաստանի քաղաքացիների, բնակիչների օգտագործման համար»։

Որ անվտանգության մակարդակը մեծացնելու կարիք կա, բարձրաձայնում է նաև Արցախի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երթևեկող մեքենաների ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների կողմից քարեր նետելու առաջին դեպքը մարտի 25-ին էր գրանցվել՝ Կարմիր Շուկա – Ստեփանակերտ ճանապարհահատվածում։ Իսկ մարտի 29-ին զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիսի դիահերձարան տեղափոխող մեքենան էր վնասվել, ենթադրաբար ադրբեջանցիների կողմից։

«Մեր հայտարարությունը դատախազությունը հիմք է ընդունել և համապատասխան հանձնարարություն է ուղարկել հարցը ուսումնասիրելու համար», - ասաց Ստեփանյանը։

Գրանցվող նմանօրինակ միջադեպերի մասին տեղյակ են պահվում անվտանգությունը հսկող ռուս խաղաղապաները։ Նման դեպքերը վերլուծվում են, հետևություններ են արվում, ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը․ - «Բնականաբար, հետևություններ արվում են, վերլուծվում է, թե ինչպես, ինչ ճանապարհով որ դեպքերում է հնարավոր, որ նման պրովակացիաների գնա ադրբեջանական կողմը, և ինչ է հնարավոր անել, որպեսզի դրանք չկրկնվեն։ Օրինակ, կա նախագահի հանձնարարական, որպեսզի Արցախի կենտրոնական մայրուղիները գիշերային ժամերին լուսավորվածություն ունենան։ Ծրագիրը մեկնարկել է, Ասկերան – Ստեփանակերտը արդեն աշխատանքները սկսված են»։

Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ երեկ ադրբեջանցիների կողմից կրկին սադրանք է իրականացվել. Շուշի - Ստեփանակերտ մայրուղու վրա, ռուսական ու հայկական դիրքերի գրեթե մեջտեղում գտնվող Շուշիի ազատագրման խորհրդանիշ հանդիսացող տանկ-հուշարձանի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները գրություններ են թողել։ Ռուս խաղաղապահներին տեղյակ են պահել։

Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորինս վախի մթնոլորտ ստեղծելու համար, ասում է Լուսինե Ավանեսյանը․ - «Նրանք, ովքեր պատերազմից հետո վերադարձել են Արցախ, պատրաստ են նման քայլերին հոգեբանորեն դիմակայել»։

Արձակված կրակոցներ, նետված քարեր, ներկված ցուցանակներ, գողացված անասուններ։ Այս ցանկը շարունակում է լրացվել։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը իր տարածած վերջին հայտարարության մեջ ընդգծել է՝ անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

XS
SM
MD
LG