Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել-չդադարեցնելու հարցը դատարանը կորոշի վաղը


Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կորոշի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվո՞ւմ է, թե՞ ոչ։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին ներկայացված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը Բարձր դատարանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։ Այս որոշման հիման վրա էլ Քոչարյանի ներկայացուցիչները միջնորդել են կարճել գործը։

Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով, քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը կարդարացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի մասով դատավարությունը կշարունակվի, քանի որ նրանք մեղադրվում են նաև այլ հոդվածներով։

Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է նաև մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

«Մի բանը մեզ համար ակնհայտ է, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը պիտի դադարի։ Պիտի դադարած լիներ դեռևս մարտի 26-ից։ Եթե մինչև հիմա այդ քրեական հետապնդումը գոյություն ունի, սա իրավական առումով նոնսենս է, այսինքն՝ այլևս հոդվածը չկա Քրեական օրենսգրքի մեջ, բայց կա այդ հոդվածով քրեական հետապնդում։ Սա իրավական առումով նոնսենս է։ Ես ուղղակի չեմ կարողանում զուգահեռներ բերեմ, որ մի ուրիշ մասնագիտության հետ համեմատեմ, հետաքրքիր ձևով ձեզ սա ցույց տամ, որովհետև զուգահեռներ հնարավոր չի անցկացնել, թե սա ինչ աստիճանի անհեթեթություն է», - նշում է Ալումյանը։

Մինչ Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները խոսում են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե 2008-ին մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների համար նրանց պետք է մեղադրանք առաջադրվի մեկ այլ հոդվածով։ Դրա համար էլ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անցած ուրբաթ Բարձր դատարան դիմեց՝ խնդրելով ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։ Այժմ իրենց հնարավորություն չի տրվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել այն դեպքում, երբ նրանց արարքներում կան Քրեական օրենսգրքով չթույլատրված հատկանիշներ։

Դավթյանը իր դիմումում շեշտել է՝ Քոչարյանին և մյուս ամբաստանյալներին այս հոդվածով արդարացնելու դեպքում բաց է մնում 10 զոհերի և տուժողների իրավունքների պաշտպանությունը։ Եվ միայն Բարձր դատարանի որոշումից հետո հնարավորություն կունենան վերաորակել Քոչարյանի և մյուսների մեղադրանքը և նրանց նոր մեղադրանք առաջադրել։

Անցած դատական նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում խոսել էր նաև Գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը։ Ըստ նրա, Քոչարյանին և մյուսներին պետք է մեղադրանք առաջադրվի պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով․ - «Մենք արձանագրում ենք, որ արարքում կա նաև այլ հանցակազմ։ Իսկ դրանով որակելու բոլոր հնարավորությունները, կամ դրա ուղղությամբ կատարվող քայլերը երբեք անօրինական չեն կարող դիտվել։ Հակառակը՝ սահմանադրականության խնդիր ունի այն, որ էդպիսի հնարավորություն չկա։ Որովհետև, կրկնում եմ՝ արդյունքում ունենում ենք հանցանք, ունենում ենք դրա համար պատասխանատվությանից ազատված մարդ»։

Հայկ Ալումյանը, մինչդեռ, պնդում է, որ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը չի կարող վերաորակվել․ - «Վերաորակվել կարող է մի բան, որը որակված է էս պահին։ Ինչպես, օրինակ, վերակառուցվել կարող է մի բան, որը կառուցված է։ Մենք չենք կարող ասել վերակառուցել մի բան, որը չկա։ Վերաորակվում է մի բանը, որը ինչ-որ ձևով որակված է․ բայց էս դեպքում 300․1 հոդվածով որակում այլևս գոյություն չունի՝ որպես էդպիսին։ Հետևաբար ինչ կառուցակարգեր էլ որ կլինեն կամ կան՝ կապված վերաորակման հետ, էդ կառուցակարգերը էս դեպքի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն»։

2008-ին հետընտրական հավաքների ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում զոհված 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը քննադատում է Սահմանադրական դատարանի որոշումն ու հարց հնչեցնում՝ բախտակիցների հետ 13 տարի ինչի՞ համար էր պայքարում։ 10 զոհերից 3-ը, այդ թվում` Սարգիս Քլոյանի որդին, զոհվել են հատուկ միջոցներից՝ Չերյոմուխայի կրակոցներից։

«Եթե էդ հոդվածը հակասահմանադրական էր, թող մեր իրավապահները տասը տարի առաջ ասեին, որ դա չի աշխատի։ Թող հոդվածը էն ժամանակ փոխեին։ Դա էլ չեն արել։ Ես իրավաբան չեմ, էդ հոդվածներից չեմ հասկանում, բայց վերջում էս մեր պայքարը ինչ ա ջո՞ւրն ա ընկնում․․․ հոդվածը չկա, ի՞նչ ա, հանցանք չկա՞․․․ Բա սպանություննե՞րը, բա տանկե՞րը․․՛ Բա զինվորները ներխուժել են Երևան քաղաքի կենտրոնում, Սահմանադրական դատարանը չի մտածե՞լ դրա մասին», - վրդովվում է Քլոյանը։

Սահմանադրական դատարանը մինչև 30 օր ժամանակ ունի ուսումնասիրելու Գլխավոր դատախազի դիմումը, ինչից հետո որոշում կկայացվի գործի քննություն սկսելու կամ այն մերժելու մասին։

XS
SM
MD
LG