Մատչելիության հղումներ

«Միշտ մտածել եմ, որ հենց առաջին հավաքի ժամանակ ինձ դրսևորեմ ամենալավ ձևով». Ժիրայր Շաղոյան


19 տարեկան Ժիրայր Շաղոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշեց մարտի 28-ին՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում, ապա մասնակցեց նաև Ռումինիայի հետ հանդիպմանը։

Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում։ Անցկացրել է 2 խաղ, երկուսն էլ հաղթական ավարտով։

«Տպավորությունները շատ մեծ էին, և միշտ մտածել եմ, որ պիտի հենց առաջին հավաքի ժամանակ ինձ դրսևորեմ ամենալավ ձևով: Ինձ շատ օգնեցին ֆուտբոլիստները իրենց խորհուրդներով, իրենց օգնություններով, որ ես շուտ ինտեգրվեմ թիմին», - նշեց Շաղոյանը:

Ընտրանու ամենաերիտասարդ նորեկ ֆուտբոլիստը պատմում է գլխավոր մարզչի առաջադրանքի, խորհուրդների ու իր կարողությունների մասին. «Մարզիչն ինձ երկրորդ խաղին օգտագործեց ձախ եզրում, և շատ մեծ սրություն մտցրի հանդիպման ընթացքում, որն էլ օգնեց մեր թիմին ավելի մեծ ուժով գրոհել: Մարզիչը ինձ միշտ էլ ասել է, որ «պիտի առաջ բացվես», որովհետև դու արագություն ունես, և հենց էդ հասկանալով էդ կարգով պիտի օգնեմ թիմին, որպեսզի ավելի էֆեկտիվ գործողություններ կատարենք»:

Զորակոչային տարիքի մարզիկներին միավորող ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Շաղոյանն առաջնահերթ է համարում երիտասարդներին հնարավորություն տալ՝ դրսևորվելու ու արդյունքի հասնելու։

«Մեկ խաղակեսը բավականին մեծ ժամանակ է երիտասարդ ֆուտբոլիստի համար հավաքականի կազմում, բայց ես միշտ մտածել եմ, որ պետք է ֆուտբոլիստին շանս տալ, հնարավորություն տալ, որպեսզի նա իրեն դրսևորի: Ճիշտ է շատ քիչ մարզիչներ են դա անում, հիմա վստահ եմ, որ բոլոր մարզիչները տեսնում են այս ամենը, չգիտեմ՝ կանեն, թե չեն անի, բայց այս մարզիչը ապացուցեց, որ դա ճիշտ է, և հիմա նա ավելի շատ ֆուտբոլիստների կարող է վստահել այդ հավաքականում», - ընդգծեց Շաղոյանը:

Հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստը 20-ամյա Էդուարդ Սպերցյանն է։

«Հաղթանակը բոլորինն է»,- Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թեև ֆուտբոլիստների մասին առանձին խոսել չի սիրում, այնուամենայնիվ, անդրադառնալով նորեկների խաղին, ասել է՝ նրանք շատ արագ կարող են հավաքականի համար կարևոր խաղացողների վերածվել։

«Այո, Խոակին Կապառոսը վստահում է նոր երիտասարդների, շատ հետաքրքիր մի սերունդի, որոնց միայն մենք փաստացի տեսել ենք Հայաստանի առաջնությունում», - ասաց մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը:

Հավաքականի նորեկները հսկայական պոտենցիալ ունեն, ասում է՝ մարզական մեկնաբանը։ Ազգային հավաքականում հանդես գալով երիտասարդները ճանաչում են ձեռք բերում, մասնագիտական նոր ճանապարհ հարթում. «Նրանք բոլորն էլ ունեն տաղանդ, նրանց բոլորի անուններն էլ եվրոպական ֆուտբոլային մասնագիտական հարթակում գրանցվեցին, նրանց հետ արդեն հաշվի են նստելու։ Եվրոպայում ինչպե՞ս են գնահատում, ազգային հավաքականներում հայտնվում են երիտասարդ ֆուտբոլիստներ և գործակալներ, այն մարդիկ, ովքեր ֆուտբոլային աշխարհից են, նրանց համար հենց դա է բացահայտումը: Նրանք երբեք չէին նայի Հայաստանի առաջին խմբի առաջնություն, այ, հենց խաղերում նրանք տեսան, որովհետև հավաքականների խաղերը, դրանք եվրոպական լուրջ և բարձր մակարդակի հանդիպումներ են. հենց այդտեղ են նրանք տեսնում, որ այս ֆուտբոլիստը, ում վստահել են, նա բանի պե՞տք է, թե՞ ոչ»:

XS
SM
MD
LG