Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը սպառնում է սառեցնել 60 մլն եվրոյի օգնությունը Վրաստանին


Վրաստան - Իշխանության և ընդդիմության բանակցությունները Թբիլիսիում, մարտ, 2021թ․
Վրաստան - Իշխանության և ընդդիմության բանակցությունները Թբիլիսիում, մարտ, 2021թ․

Բրյուսելի միջնորդած բանակցությունների տապալումից հետո Եվրախորհրդարանը սպառնում է սառեցնել Վրաստանի համար նախատեսված շուրջ 60 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։

Նրա տեղեկություններով՝ Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ բանագնաց Քրիստիան Դանիելսոնը, ում չի հաջողվել հանգուցալուծել Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը` այդ երկրի իշխանությունների և ընդդիմության կոշտ դիրքորոշումների պատճառով, կացության մասին զեկուցել է Եվրամիության օրենսդիր մարմնի առանցքային պատգամավորներին, որոնք էլ, իրենց հերթին, ավելի ուշ պատրաստվում են հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Աղբյուրի համաձայն՝ եվրոպացի խորհրդարանականները կհայտարարեն Վրաստանին առաջիկա հոկտեմբերին հատկացվելիք ֆինանսական օգնությունը սառեցնելու մասին։

Այդ գումարը եվրոպական դաշինքը հատկացնելու էր կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ մասնավորապես կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

Շուրջ կես տարի է՝ Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողանում ներքաղաքական ճգնաժամի հանգեցրած տարաձայնություններն ինքնուրույն հաղթահարել։ Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ը կեղծել է քվեարկությունը։ Լարվածությունը գագաթնակետին հասավ շաբաթներ առաջ, երբ իրավապահները գրոհեցին երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» գրասենյակն ու կալանավորեցին կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։

Սրված իրավիճակը փորձեց հարթել Եվրամիությունը, որի հատուկ բանագնացը դաշինքի անդամ չհանդիսացող Վրաստանում օրեր շարունակ փորձում էր համոզել վրաց քաղաքական գործիչներին մոռանալ կուսակցական պատկանելության մասին և որոշումներ կայացնել ի շահ երկրի։ Շվեդ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնի երկու փորձերն էլ ձախողվեցին, եվրոպացի փորձառու դիվանագետը չկարողացավ հաշտեցնել կողմերին, Վրաստանի իշխող թիմն ու ընդդիմադիր ճամբարը անդրդվելի էին։ Դանիելսոնի հեղինակած համաձայնագրի նախագիծը կողմերից և ոչ մեկը չստորագրեց։ Դիրքորոշումները համընկել են հինգ կետերից միայն երեքի շուրջ՝ ընտրական և դատական բարեփոխումների անցկացման, ինչպես նաև խորհրդարանում իշխանությունը կիսելու հարցերում։ Մյուս՝ առանցքային երկու պահանջների՝ արտահերթ ընտրությունների անցկացման և քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ կոնսենսունս չկա։

«Վրացական երազանք»-ը այլևս չի ցանկանում խոսել ընդդիմության հետ։ Ժամանակն է խոսակցություններից անցնել ընթացիկ գործերին, բանակցությունների տապալումից հետո հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք իրավունք ունենք ժամանակ չվատնել քմահաճույքների քննարկման վրա, այլ ամբողջովին կենտրոնանալ իրական խնդիրների վրա, որոնք հուզում են մեր ժողովրդին և երկրին», - ասել է նա։

Ընդդիմադիր ճամբարում հույս ունեն, որ Եվրոպան «լավ է հասկանում իրավիճակը և դեռ կասի իր խոսքը»։ «Մենք կսպասենք մեր եվրոպացի, արևմտյան գործընկերներին։ Նման բարդ իրավիճակում, այս քաղաքական փակուղում նրանք չեն լքի Վրաստանին», - հայտարարել է ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեն։

Բանակցությունների այլընտրանքը մշտական առճակատումն է, կարծում է մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Վախթանգ Մեգրելիշվիլին։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համար սա հեղինակության հարց է։ Կարծում եմ՝ այս ձախողումը նրա հեղինակության համար խնդիր կդառնա, և կձեռնարկվեն ինչ-որ քայլեր», - հայտարարել է Մեգրելիշվիլին։

XS
SM
MD
LG