Մատչելիության հղումներ

Եվրամիության բանագնացը սկսել է իր միջնորդական առաքելությունը Վրաստանում


Եվրոպացի դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը, արխիվ
Եվրոպացի դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը, արխիվ

Վրաստանը գտնվում է քաղաքական փակուղում, ինչը մտահոգիչ է Եվրամիության համար։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը։ Դիվանագետը Վրաստան է գործուղվել՝ միջնորդելու իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսությունը։

«Վրաստանը շատ կարևոր երկիր է Եվրամիության համար։ Եվրամիությունը մեծ ուշադրություն է հատկացնում Վրաստանի իրադարձություններին, այն, ինչ այստեղ կատարվում է, կարևոր է ԵՄ-ի համար», - ասել է Եվրամիության բանագնացը։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցյալ տարվա աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է։ Խորհրդարան անցած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրներ հինգերորդ ամիսն է բոյկոտում են օրենսդիր մարմնի նիստերը։ Ներքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է սրվել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով։

XS
SM
MD
LG