Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների վերջին շրջանի ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ, ասում է Արցախի ԱԺ նախագահը


«Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», - այսօր ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպմանը:

Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` նրանք քննարկել են նաև միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվեց, որ զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիսի դիահերձարան տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիները քարեր են նետել, ջարդել ապակիները: «Ֆորդ տրանզիտի» մեջ 5 զինծառայողների մարմիններ էին։

Հանդիպմանը ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը:

XS
SM
MD
LG