Այժմ տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը, այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ ներկայացնելով 2020թ. կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցը։
Այվազյանն ընդգծեց՝ զարգացումներն ի ցույց դրեցին, որ կարիք կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա:
ՀՀ ԱԳՆ-ն մշակել է նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումները
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, պատերազմից հետո Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվել են դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ։
Այդ մոտեցումներն, ըստ Այվազյանի, ենթադրում են՝ Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:
«Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ», - ասաց Այվազյանն՝ ընդգծելով՝ անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:
Արտգործնախարարը նաև նշեց, որ ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են իրականացվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Այվազհանը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, և Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:
Այս ուղղությամբ կարևոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ՀՀ հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի կոնսենսուսային ընդունումը։
2020-ին Հայաստան է վերադարձել 14 հազար 564 ՀՀ քաղաքացի
2020-ը Հայաստանի անկախությունից ի վեր թերևս ամենածանրն էր՝ պայմանավորված գլոբալ և տարածաշրջանային հայտնի իրադարձություններով, ասաց ԱԳ նախարարը՝ շարունակելով՝ մի կողմից՝ COVID-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջաթուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին ողջ պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար, և դրանց հետևանքների հաղթահարումը էապես ձևավորեց աշխատանքների օրակարգը։
«COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու և վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ, ինչի արդյունքում Հայաստան է վերադարձել 14 հազար 564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2 հազար 254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով», - ասաց Այվազյանը: