Ֆրանսիան պաշտոնական Լոնդոնին մեղադրում է «պատվաստանյութային շանտաժի» մեջ: Այս մասին France Info ռադիոկայանի եթերում այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի շուրջ ստեղծված կացությունը։
«Մենք պետք է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության այնպիսի ձևաչափ գտնենք, որպեսզի AstraZeneca-ի արտադրողները կատարեն ԵՄ պետություններ՝ դեղամիջոցի մատակարման իրենց պարտավորությունները։ Շանտաժ հիշեցնող քայլերը անթույլատրելի են։ Մենք արդեն իսկ սկսել ենք բնակչությանը պատվաստել AstraZeneca-ի առաջին չափաբաժինը և այժմ բարդությունների ենք բախվել երկրորդ չափաբաժնի հետ կապված», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
AstraZeneca-ի շուրջ տարաձայնությունները ԵՄ և Լոնդոնի միջև ծագեցին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ իրավունք ունի առաջնային կարգով ստանալ AstraZeneca ընկերության՝ ԵՄ տարածքում գտնվող գործարաններում արտադրված պատվաստանյութը, քանի որ դրանց ձեռքբերման պատվերները ավելի վաղ են տրվել։ Դրան ի պատասխան Եվրահանձնաժողովը որոշեց արգելել AstraZeneca-ի արտահանումը ԵՄ սահմաններից դուրս՝ մինչև ընկերության կողմից եվրոպական պետությունների առջև ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։