Մատչելիության հղումներ

Ռազմական դրությունը վերացվեց․ ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիրների հեղինակած նախագիծը


Ազգային ժողովն այսօր ձայների 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի հեղինակած որոշման նախագիծը։

Ազգային ժողովի նախագահը ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը պետք է ստորագրի և հրապարակի անհապաղ։

Երեկ խորհրդարանում, քննարկումների ժամանակ, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում էին, որ իշխանությունը քաղաքական պատճառներով է պահպանել ռազմական դրությունն, ու այն այժմ շարունակելու որևէ հիմք չկա։

Ըստ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ռազմական դրությունը շարունակվել է միայն մեկ նպատակով, որպեսզի ընդդիմադիրները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չսկսեն։ Ճիշտ նույն տեսակետն ունի նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ բացարձակապես անհիմն համարեց ընդդիմադիրների մեղադրանքները, պնդելով՝ ռազմական դրության երկարաձգումը չունի քաղաքական որևէ դրդապատճառ։ Այդուհանդերձ, ԱԺ նախագահն իշխող ուժի պատգամավորներին առաջարկեց կողմ քվեարկել ընդդիմադիրների առաջարկին, թեև շեշտեց՝ համակարծիք է գործընկերների հետ՝ լավագույն լուծումը կլիներ, եթե հենց կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության չեղարկումը

XS
SM
MD
LG