Մատչելիության հղումներ

Թուրքիան դուրս է գալիս կանանց պաշտպանությանն ուղղված «Ստամբուլյան կոնվենցիայից»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել է հրամանագիր, որով չեղարկել է 10 տարի առաջ կնքված «Ստամբուլյան կոնվենցիան»:

Այդ միջազգային փաստաթղթի նպատակն է երաշխավորել կանանց անվտանգությունը և, մասնավորապես, խթանել նրանց պաշտպանությունն ընտանեկան բռնությունից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը «կործանարար» է որակել նախագահ Էրդողանի որոշումը:

«Այդ քայլով արձանագրվեց լուրջ նահանջ, դրանով կանանց իրավունքները, կանանց պաշտպանությունը վտանգվում են ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում և աշխարհում»,- ասել է Բուրիչը:

«Ստամբուլյան կոնվենցիան» փաստում է, որ տղամարդիկ և կանայք ունեն հավասար իրավունքներ, և պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել գենդերային հողի վրա բռնությունը կանխելու, դրա զոհերին պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» իսլամամետ կուսակցության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ առաջարկել են վերանայել «Ստամբուլյան կոնվենցիան», քանի որ այն, ըստ այդ կուսակցական գործիչների, «խրախուսում է ամուսնալուծությունները, խարխլում է ավանդական ընտանիքի հիմքը և հակասում է երկրում ընդունված պահպանողական արժեքներին»:

Բացի այդ, ըստ «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդդիմախոսների, «շահարկելով սեռի, սեռական կողմնորոշման և սեռական ինքնության գաղափարները՝ կոոնվենցիան միասեռականություն է քարզում, ինչը վնաս է հասցնում ընտանեկան արժեքներին»:

Կանանց իրավունքները պաշտպանող մեծ թվով կազմակերպություններ առաջարկել են հենց այսօր անհապաղ կազմակերպել բողոքի ակցիաներ «Ստամբուլյան կոնվենցիան» չեղարկելու Էրդողանի որոշման դեմ:

Թուրքիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով երկրում սպանվել է 77 կին, իսկ 2020 թվականին սպանվել է առնվազն 409 կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG