Մատչելիության հղումներ

Արձանագրվել են խնդիրներ, որոնք ներկա պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավի թռիչքը դարձնում են անհնարին. քաղավիացիայի կոմիտե


«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Նշենք՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան մարտի 4-ին հայտնել էր, որ Իրանական կողմի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգ» ինքնաթիռը Թեհրանից Երևան տեղափոխելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG