Աթենքում այսօր մեկնարկել է Թուրքիայի և Հունաստանի միջև դիվանագիտական խորհրդակցությունների հերթական՝ 62-րդ փուլը։ Այս մասին հաղորդել է Հունաստանի պետական հեռուստատեսությունը։
Հունական լրատվամիջոցի տեղեկություններով՝ բանակցությունները ընթանում են Աթենքի հյուրանոցներից մեկում։
«Բանակցությունների անցկացման կոնկրետ վայրը չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով», - հաղորդել է հունական հեռուստատեսությունը։
Հունական ԱԳՆ-ում հատուկ ընդգծել են, որ դիվանագիտական խորհրդակցությունը պաշտոնական բանակցություն համարվել չի կարող։ «Թուրքական կողմի հետ ոչ ֆորմալ քննարկումների հիմնական նպատակը ընդհանուր հիմքերի փնտրտուքն է, որոնք թույլ կտան բանակցություններ սկսել ծովային սահմանների հստակեցման շուրջ», - նշել են Հունաստանի դիվանագիտական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրները։