Ամեն ինչ պետք է անել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի, հայտարարել է Հայաստանի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար:
Նախագահն ընդգծել է՝ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ է, որ «մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել»:
Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը վերահաստատել է՝ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի: «Առաջին նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել էի առաջարկություններ ներկայացնել՝ ինչպես բարելավել, կատարելագործել հիմնադրամի գործունեությունը: Այսօրվա արտահերթ նիստը առիթ և հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլև մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց և համահայկական երևույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլև գործել այդ ուղղությամբ», - ասել է նախագահը՝ ընդգծելով՝ խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլև ռազմավարությանն ու մարտավարությանը, նաև մշակույթին և մտածողության ձևին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով՝ թիրախներով, ասել է Արմեն Սարգսյանը:
«Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան և վաղվան համահունչ, որովհետև այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետևաբար, մենք պետք է լինենք նաև ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի և համավարակի հետևանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջև: Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաև՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն և իրականացվեն զարգացման նախագծեր», - ասել է նախագահը:
Երեկ՝ մարտի 15-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն անցած տարեվերջին պաշտոնական նամակով դիմել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նշելով, որ Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։