Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կապանի մերձակայքում տեղակայված Զինված ուժերի մարտական հենակետում նկարահանված տեսանյութի առիթով՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Զինծառայողների կողմից նկարահանված աղմկահարույց տեսանյութին այսօր խորհրդարանում էլ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձավ՝ վստահեցնելով՝ հենակետում անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա. «Այս պահին Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմանները բարելավելու ուղղությամբ, սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով և գտնվում են ամբողջ հրամանատարության և Պաշտպանության նախարարության ղեկավարության անմիջական հսկողության ներքո»:
Մինչդեռ փոխնախարարը չի շտապում ասել՝ արդյոք տեսանյութում ներկայացվող մարտական հենակետում խնդիրներ կան, թե ոչ՝ կապված պայմանների հետ:
Համացանցում տարածված տեսանյութում կամավորականներն իրենց կեցության պայմաններից են բողոքում, ներկայացնում են վրանների անմխիթար վիճակը, պնդելով, թե քնելու նորմալ տեղ, ջեռուցում չունեն, հայտարարում են նաև, որ թե իբր իրենց հրամայել են՝ լքել դիրքը. «Ոչ մի հարմարություն չկա՝ ո՛չ ջուր ունենք, ո՛չ փայտ ունենք, ոչ մի բան չունենք, ոչ մի բանով չեն ապահովում մեզ: 4-տեղանոց տեղ ա 6 հոգով քնում ենք, ոչ խոհանոց կան, ոչ մի հարմարություն չկա: Ցեխերի մեջ ապրում ենք, ցեխերի մեջ ուտում, մի հատ էլ մեզնից բողոքում են՝ լավ չեք պահում»:
Իսկ ավելի ուշ նույն ջոկատի կամավորներն արդեն հերքում են իրենց իսկ ասածը, պնդելով, թե ավելի վաղ տեսանյութն արվել է այլ նպատակով՝ արտասահմանից օգնություն ստանալու և ոչ համացանցում տարածելու համար. «Դա պիտի չլիներ համացանցում, ինչ արել ենք մենք մեր մեջ ենք արել, որ իրա ընկերները, մեր ընկերները, դրսի մեր ախպերները մեզ օգնեին: Կա, օգնության կարիքը շատ կա՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես»։
Դիրքը լքելու հրաման զինվորականներին չի տրվել, այսօր վստահեցրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը. «Դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա: Այդ տեսանյութում հնչեցված խնդիրների և առհասարակ նման տեսակետներ հնչեցնելու առնչությամբ նախապատրաստվում են նյութեր, ես վաղաժամ չեմ ուզում հայտարարություն անել, որ դրանք կամ դրանց մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում, ես ցանկանում եմ դա թողնել նախապատրաստվող նյութերի շրջանակներում հարցի վերջնական լուծմանը»:
Իսկ երկրորդ տեսանյութում «Բայազետ» ջոկատի հրամանատար ներկայացող Արման Քալաջյանը հայտնում է, որ առաջին տեսանյութի նախաձեռնողը դիրքի ավագն է, որն արդեն հեռացվել է։