«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկը, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասով մենք քննարկում չենք ունեցել, որովհետև այս դեպքում պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի՝ այսինքն՝ ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն, ըստ այդմ, քաղաքական դիրքորոշում։ Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու հարցի հետ կապված անձնական դիրքորոշումը ներկայացնելու մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի առաջարկը, առաջարկի հետ կապված մեր դիրքորոշումը՝ քաղաքական դիրքորոշումը կներկայացվի», - ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների։ Երեկ այս հարցով վարչապետը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպմանը արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց։ Կողմերը պայմանավորվել են կրկին բանակցել «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը պարզ դառնալուց հետո։