Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը


Բաղրամյան պողոտայում մեկնարկել է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

Շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ ասել էին, որ մարտի 9-ի հանրահավաքի ժամանակ կորոշվեն շարժման հետագա անելիքները:

Այսօր ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը. «Սրանք անցել են բոլոր գրված և չգրված օրենքների սահմանները, սրանք հատել են բոլոր կարմիր գծերի սահմանները: Բոլորը, ռեժիմի բոլոր սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծու առաջ: Հազարներով մարդկանց տարան, կոտորեցին մարտի դաշտում: Հետո ոմն մեկն ասում է, թե Սյունիքի և Արցախի դիրքերը հանձնելով` մարդկային կյանքեր է փրկել, որտե՞ղ ես փրկել այդ կյանքներն, այ տղա՛: Այնտեղ այդքան մարդ կա՞ր, այդքան մա՞րդ էր մնացել, կյանք փրկող էիր, ժամանակին կանգնեցնեիր պատերազմը»:

Արա Սաղաթելյանը, նշենք, օրերս ազատ արձակվեց, նա կալանավորվել էր փետրվարի 21-ին, մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը ստեղծելու և կառավարելու համար։

Շարժման անդամները արդեն 10 օրից ավելի է՝ փակ են պահում պողոտան։ Շարժումը, կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկել է իր սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո ընտրություններ։

XS
SM
MD
LG