Մատչելիության հղումներ

Կատալոնացի 3 գործիչ կարող է արտահանձնվել Իսպանիային. Եվրախորհրդարանը նրանց զրկել է անձեռնմխելիությունից


Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, ևս երկու կատալոնացի անջատական գործիչներ զրկվեցին Եվրախորհրդարանի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Առաջիկայում նրանք կարող են արտահանձնվել Իսպանիայի իրավապահներին։

Պերինեյան թագավորության իշխանություները նրանց մեղադրում են կենտրոնական իշխանության դեմ ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Կատալոնացի գործիչներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա նախկին կաբինետի երկու անդամների` Էնթոնի Քոմինին և Կլարա Պոնսատիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ բացառությամբ կանաչների և ձախակողմյան խմբակցությունների։

«Սա տխուր օր է Եվրոպական խորհրդարանի համար։ Մենք կորցրել ենք անձեռնմխելիությունը, բայց Եվրախորհրդարանը ավելին է կորցրել, այդ թվում` եվրոպական ժողովրդավարությունը»,- հայտարարել է Կառլես Պուչդեմոնը։

Պաշտոնական Մադրիդը շտապել է ողջունել երկար սպասված իրադարձությունը։

«Քվեարկությունը ցույց տվեց, որ կատալոնական հարցը պետք է լուծվի Իսպանիայում, այլ ոչ թե եվրոպական մակարդակում»,- հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայան։

Պուչդեմոնի փաստաբանական թիմը մինչդեռ խորհուրդ է տալիս ժամանակից շուտ հաղթանակ չտոնել` հայտարարելով առաջիկայում այս որոշումը Եվրամիության բարձր ատյանի դատարանում բողոքարկելու պլանների մասին:

«Իրավաբանական տեսանկյունից մենք միանգամայն հանգիստ ենք, գիտենք մեր անելիքները։ Սա շախ և մատ է, միակ հարցը՝ քանի քայլից հետո»,- հայտարարել է կատալոնացի նախկին առաջնորդի փաստաբաններից Գոնսալո Բոյեն` Եվրամիության օրենսդիր մարմնի որոշումը որակելով բացառապես քաղաքական։

Մադրիդը անջատական գործիչների արտահանձնմանն է փորձում հասնել 2017 թվականից ի վեր՝ Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի մասնակիցների գերակշռող մասը քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Իսպանիայի կենտրոնական իշխանությունը չէր ճանաչել քվեարկության արդյունքները, հանրաքվեի կազմակերպիչներին էլ` մեղադրել պետական դավաճանության համար: Մի շարք առաջնորդներ ձերբակալվել էին և երկարամյա կալանքի դատապարտվել, Պուչդեմոնը և մի քանի քաղաքական գործիչներ հասցրել էին լքել Բարսելոնան և ապաստանել եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ էլ 2019 թվականին հնարավորություն են ստացել Եվրամիության օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցել։

Իսպանիայից անկախանալու կատալոնացիների հանրաքվեն Մադրիդը ապօրինի է գնահատել` կիրառելով 155-րդ հոդվածը․ սառեցրել է Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը և ուղղակի կառավարում մտցրել ինքնավար շրջանում` քրեական գործեր հարուցելով շուրջ երկու տասնյակ քաղաքական գործիչների նկատմամբ։

Մադրիդի այդ կոշտ արձագանքը, սակայն, չփոխեց Թագավորության արդյունաբերական առումով ամենազարգացած և տնտեսապես կայուն երկրամասի բնակչության անջատական տրամադրությունները։ Տասնամյակներ շարունակ անկախության ձգտող Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը, որը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը, շարունակում է պայքարը՝ ժամանակ առ ժամանակ հեղեղելով Բարսելոնայի փողոցները Կատալոնիայի հանրապետություն ունենալու պահանջով հանրահավաքներով։

XS
SM
MD
LG