Հադրութում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն այսօր վաղ առավոտից փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին մտնել շենք։
Գերիների հարազատները լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել իրենց բողոքի ակցիան, չեն ասում, թե կոնկրետ ինչ են պահանջում մարզային իշխանություններից։
Երկու օր առաջ 54 գերեվարվածների մայրերը կրկին մարզպետարանի շենքի ներսում էին բողոքի ակցիա անցկացրել՝ պահանջելով ևս մեկ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա հստակ ասի՝ երբ են իրենց զավակները Հայաստան վերադառնալու։
Պատերազմից հետո գերեվարված 62 շիրակցիներից մինչ օրս հայրենադարձվել են 8-ը։ Իր վերջին ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։