Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ-ն դատապարտեց գերիների վերադարձի խոչընդոտումը Ադրբեջանի կողմից


Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 120 կողմ ձայնով, ընդունեց Ադրբեջանի վերահսկողութան ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու, անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։

Նախագծի հեղինակներն են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը։

Ազգային ժողովը, մասնավորապես, արձանագրեց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված և 44 օր տևած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

Այդուհանդերձ, ըստ հայտարարության, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

Պատգամավորներն ընդգծում են՝ գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» Հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ավելին՝ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները», - ասված է հայտարարության տեքստում:

Հայաստանի ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ «գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»:

Ելնելով վերը նշվածից՝ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը։

Նշենք, որ հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի Ադրբեջանում գտնվող շուրջ 200 գերիների մասին։ Ադրբեջանը հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը։ Ըընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

XS
SM
MD
LG